Մատչելիության հղումներ

Լրագրողը բերման է ենթարկվել ոստիկանություն


Ներկայումս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում է «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի արտահաստիքային ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը:

Առավոտյան «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Շամշյանը հայտնել էր, որ ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են կիրառել, խլել ֆոտոխցիկը եւ բերման ենթարկել նախ Կենտրոնի, ապա Քանաքեթ-Զեյթունի ոստիկանություն:

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում նախ հերքեցին լրագրողի` այնտեղ գտնվելու մասին լուրը, ասելով, թե բաժին բերման է ենթարկվել երեք մարդ, որոնց թվում Շամշյան ազգանունով որեւէ մեկը չկա:

Այնուհանդերձ, ավելի ուշ «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ, որ լրագրողը ոստիկանության տվյալ բաժնում է, եւ նրա հետ հանդիպել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Օմբուդսմենը պահանջել է Շամշյանին փաստաբան տրամադրել եւ առանց փաստաբանի չհարցաքննել:

Դրանից հետո Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունում հաստատեցին, որ Գագիկ Շամշյանը բերման է ենթարկվել` ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար: Նա առայժմ չի հարցաքննվել` սպասելով փաստաբանի գալուն:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG