Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Մենք մի հարց ենք լուծում, այլ հարց չկա»


«Մենք մի հարց ենք լուծում, այլ հարց չկա. այս երկրից կա’մ Սերժ Սարգսյանն է հեռանում, կա’մ ժողովուրդը», - այսօր Ազատության հրապարակում վերսկսված հանրահավաքում հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասել է. - «Հայաստանը հայտնվել է տասը տարի շարունակ բռնազավթիչների ձեռքում: Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը առաջին իսկ օրվանից եղել է անօրինական. Սահմանադրությամբ նա ո’չ 1998 թվականին, ո’չ 2003-ին իրավունք չուներ անգամ թեկնածու առաջադրվել նախագահի պաշտոնի համար»:

«Երբ նախագահն է Սահմանադրություն խախտում, դա պետության վերջն է», - շարունակեց նա: - «Հիմա այդ մարդը խոսում է ինչ-որ մարդկանց կողմից խուլիգանություն անելու, ինչ-որ չարտոնված միտինգներ անցկացնելու մասին: Մարդ, որը այդպիսի կոպտագույն կերպով խախտել է Սահմանադրությունը, ընդհանրապես որեւէ մեկին քննադատելու, մատ թափ տալու իրավունք չունի: Եթե մեր արածը խուլիգանություն է, նրա արածը հազարապատիկ խուլիգանություն է»:

Տեր-Պետրոսյանը խոսեց նաեւ արտգործնախարարության մի շարք աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու եւ դիվանագիտական կոչուներից զրկելու մասին. - «Մի քանի օր առաջ, երբ մեր դիվանագետները դրսեւորեցին իրենց քաղաքացիական դիրքորոշումը... պետություն էր, կարող էր դատարանի միջոցով նրանց հեռացնել աշխատանքից: Թեեւ սա էլ, բարոյական առումով, չտեսնված դեպք էր ողջ աշխարհի պատմության մեջ: Բայց նա նրանց զրկեց նաեւ իրենց դիվանագիտական կոչումներից, արտակարգ եւ լիազոր դեսպանի կոչումներից: Այդպիսի իրավասություն նախագահը չունի մեր Սահմանադրությամբ»:

Նա հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի կատարած բոլոր սահմանադրական խախտումները պետք է իրավական գնահատական ստանան Սահմանադրական դատարանում:

Շարունակելով` Տեր-Պետրոսյանը ասաց, որ այսօրվա իշխանություններին նաեւ անհրաժեշտ էր «ճզմել ժողովրդի կամքը», «վերացնել բոլոր այն հակակշիռները, որոնք կխանգարեին իրենց բացարձակ միապետությունը հաստատելուն». - «Դա իրականացրին` օգտվելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից: Եթե Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը չվերացվեին, նրանց երբեք չէր հաջողվի ստեղծել այնպիսի իշխանական բուրգ, որը այսօր գոյություն ունի»:

Առաջին նախագահը հայտարարեց, որ այսօր ժողովուրդը «դասական բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն է անում», որի էությունը «տնտեսության ազատագրումն է ֆեոդալական ճիրաններից»:

Ելույթի վերջում Տեր-Պետրոսյանը խոսեց «հազարավոր պետական աշխատողների» մասին, որոնք արդեն միացել են իր գլխավորած շարժմանը: Նրա խոսքով, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, բանակի կազմից շատ-շատերը հասկանում են, թե երկրում ինչ է կատարվում, եւ եկել-կանգնել են իրենց կողքին` «մի մասը բացահայտ, մյուսները` թաքուն»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG