Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը սպասում է կոալիցիայի պատասխանին


Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Վահան Հովհաննիսյանը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեցին, որ սպասում են իշխող կոալիցիայի արձագանքին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի` երեկ տարածած հայտարարությանը:

«Հավատարիմ մնալով 2007 թվականի ստորագրած համագործակցության համաձայնագրին, մենք հանդես ենք գալիս կուսակցության ստանձնած պետական պաշտոններից հրաժարվելու պատրաստակամությամբ եւ դիմում ենք քաղաքական Կոալիցիային համագործակցությունը դադարեցնելու առաջարկով», - ասված էր նշված հայտարարության մեջ, որում նաեւ նշված է, որ «Գերագույն մարմինը չի վիճարկում ընտրությունների վերջնական արդյունքները եւ հաջողություն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին»:

«Նախընտրական ընթացքում մեր հարաբերությունները կոալիցիոն գործընկերների հետ ավելի շատ եւ առավելապես կրել են մրցակցային բնույթ, քան համագործակցության բնույթ: Լուրջ խնդիրներ, նաեւ տարաձայնություններ ենք այդ ընթացքում ունեցել», - ասաց Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Դաշնակցությունը սպասում է կոալիցիայի արձագանքին իր հայտարարությանը, ընդունո՞ւմ է [կոալիցիան] իրենց մատնանշած համակարգային փոփոխությունների, ընտրակեղծարարներին պատժելու եւ այլ պայմանները, թե՞ [Դաշնակցությունը] պնդի իր պատրաստակամությունը հրաժարվել պետական բոլոր պաշտոններից:

Այս հարցով նիստ կոալիցիան դեռեւս չի հրավիրել:

Հարցին, թե արդյո՞ք համագործակցելու են կոալիցիայի հետ նոր նախագահի պաշտոնավարման ընթացքում, Ռուստամյանը պատասխանեց. - «Հիմա վաղ է այդ մասին խոսելը: Շատ բան կախված է, թե ինչպես մենք կհաղթահարենք այս ամբողջ փուլը, թե հետընտրական այս լարվածությունը ինչ ճանապարհով կհաղթահարվի»:

Եթե իշխանությունները չընդունեն իրենց պայմանները, Դաշնակցությունը կփորձի դառնալ «քաղաքակիրթ ընդդիմություն»: Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի` «ո’չ իշխանությունն է ընդունում, որ հնարավոր է նման ընդդիմություն ունենալ, ո’չ էլ ընդդիմությունն է իրեն նման դերում պատկերացնում»:

«Մենք փորձում էինք քաղաքակիրթ դիալոգի հրավիրել բոլորին, բայց կողմերը ասում էին` «Դու գող ես: Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Չէ, դու գող ես, Առաջ Հայաստան»: Այսօր փողոցում գտնվող ընդդիմությունը քաղաքակիրթ ընդդիմության դերը ստանձնել ոչ միայն չի կարող, միգուցե կարող է, բայց չի ցանկանում», - հավելեց Վահան Հովհաննիսյանը:

Չորրորդ տեղը զբաղեցրած Հովհաննիսյանի պնդմամբ` առաջին երեք տեղերում հայտնված բոլոր թեկնածուների անունից ընտրակաշառք է բաժանվել, բայց դատարանում դա ապացուցել չեն կարող, քանի որ «ընտրակաշառք վերցնողները դատարանում նման բան չեն խոստովանում»: Դաշնակցությունը ընտրությունների արդյունքը չի վիճարկում, քանի որ «կասկածելը մի բան է, ապացուցելը` մեկ այլ բան»:

«Իշխանությունը պետք է իրեն հարց տա. այս ի՞նչ եմ արել, որ այսքան մարդ գնաց Տեր-Պետրոսյանի մոտ: Մի բան արել է, չէ՞: Պետք է դա խոստավանի, որպեսզի մեղմի դիմացինների վերաբերմունքը», - ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Բայց դիմացինն էլ պետք է խոստովանի, որ եւ ինքը` Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե’ւ իր շուրջ եղած թիմը հիմնական հեղինակներն են այն խայտառակության, որի դեմ այսօր փորձում են պայքարել փողոցներում»:


Ռուզան Խաչատրյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG