Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակներ է հղել Երեւանի քաղաքապետին եւ Հայաստանի ոստիկանապետին


Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը պաշտոնական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետին` առաջարկելով հանձնարարել Երեւանի քաղաքապետարանի առողջապահության համապատասխան ստորաբաժանմանը կարգավորել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած անձանց բժշկական օգնություն տրամադրելու հարցը, ինչպես նաեւ սահմանել բժշկական հերթապահություն:

Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը Ազատության հրապարակում հանդիպել է փետրվարի 24-ից անժամկետ հացադուլ հայտարարած թվով 10 անձանց: Հանդիպման ընթացքում պարզվել է, որ հացադուլ հայտարարած անձանց մի մասը տառապում է տարբեր տեսակի հիվանդություններով եւ ցանկացած պահի կարող է առաջանալ շտապ բժշկական միջամտության կարիք:

Հայաստանի օմբուդսմենին հասցեագրված դիմումում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչը երեկ հայտնել էր, որ փետրվարի 25-ին, ժամը 16:00-ի սահմաններում Երեւան քաղաքի Եկմալյան 16 հասցեում գտնվող Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ են այցելել ոստիկանության մի խումբ աշխատակիցներ եւ գրասենյակը փակելու բանավոր պահանջ ներկայացրել: Դիմումատուն հայտնել է նաեւ, որ արդեն մի քանի օր է, ինչ հանրապետությունով մեկ հարկադրաբար փակվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբերը եւ ենթաշտաբերը:

Արմեն Հարությունյանը այդ կապակցությամբ դիմել է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին` առաջարկելով հանձնարարել ստուգել դիմումում նշված տեղեկությունները եւ պարզաբանումներ տալ դրանց կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG