Մատչելիության հղումներ

Քրեական գործ է հարուցվել Գառնիկ Մարգարյանի դեմ


Այսօր առավոտյան ոստիկանություն են տարել «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին, ով նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցներից է: Ավելի ուշ նա «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ իր դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 300 հոդվածով` «պետական իշխանությունը յուրացնելուն ուղղված գործողություններ»:

Մինչ ոստիկանություն գնալը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մարգարյանը պատմել էր, որ վաղ առավոտյան` ժամը 5:30-6:00-ը, իր տուն են եկել ոստիկաններ, որոնց մոտ եղել է դատարանի որոշում. - «Կալանավորված Պետրոս Մակեյանի եւ Սմբատ Այվազյանի գործողություններին նպաստող ինչ-որ զենք-զինամթերք հայտնաբերելու որոշում է տվել դատավորը»:

Ոստիկանները խուզարկություն են կատարել, ստուգել տան տանիքը: Մարգարյանի վկայությամբ, իրավապահներն իրենց կոռեկտ են պահել:

«Ես հասկացա, որ միտում կա, որ ինձ մոտ հայտնաբերեն կամ միգուցե սարքվի, բայց ես թույլ չեմ տա, որ ինձ մոտ ապօրինի բան լինի: Ինձ մոտ կա որսորդական հրացան` գրանցված է, ուժի մեջ է մինչեւ 2010 թվականի, իր փամփուշտներն են, ունեմ որսորդական դանակներ եւ ձեռքի սարքած դանակներ: Ունեմ ստարտային ատրճանակ` դա ռազմական զենք չէ, ազատ վաճառում են: Դրանք առգրավել են, արձանագրություն կազմել են, արդեն պրոցեսուալ փուլը անցել է, հիմա իրենք չունեն որոշում` ինձ հրավիրում են ներքին գործերի բաժին», - փոխանցեց Գառնիկ Մարգարյանը` հավելելով. - «Ես հասկանում եմ, որ հաջորդելու է, կարող է այնտեղ լինի ուրիշ մեկ որոշում` կալանքի մասին, դա իրենց պրոբլեմն է: Հիմա հրավիրում են ոստիկանություն, իբր իմ համակարգչի դիսկետները բացելու համար, բայց դրա համար չեն հրավիրում: Ես հաստատ համոզված եմ, որ այնտեղ միգուցե կա որոշման շարունակությունը կամ երկրորդ որոշում կալանքի վերցնելու մասին»:

«Ես բազմիցս ասել եմ` այսպիսի գործողություններով կալանավորում են իրենց` հանցավոր ռեժիմին», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը: - «Իրենք չեն ուզում հաշտվել իրենց պարտության հետ` սա մեկ: Երկրորդ` սա դարձել է 37 թվականը: Երբ անկախ դատարանի այդ ստիպված որոշումը` գիշերը կայացրած, եւ գիշերը ներխուժել եւ այլն, սա նշանակում է, որ ռեժիմը, հողը ոտքի տակ շարժվում է` ձեռքը գցում է փրփուրներից եւ ուզում է սրանով աշխարհին ցույց տալ` իր շինծու հանրահավաքներով եւ այլն, կոտրել Ազատության հրապարակի ժողովրդի ոգին»:

«Ժողովուրդը կոտրվող չի, գնդապետ Մարգարյանը կոտրվող չի: Սրանք գնալու են: Իրենց պարտության վերջին փորձերն են: Ես բացարձակապես չեմ ընկճվում, ընդհակառակը: Ես միանշանակ հայտարարում եմ, որ մենք հաղթած ենք», - ամփոփեց Գառնիկ Մարգարյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG