Մատչելիության հղումներ

Ոստիկանները փորձել են զինաթափել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահներին


Այսօր երեկոյան Ազատության հրապարակում ոստիկանները մոտեցել են Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնապահներին եւ պահանջել են հանձնել զենքը: Վերջիններս, սակայն, հրաժարվել են կատարել այդ պահանջը, ընդգծելով, որ ըստ օրենքի` առաջին նախագահի թիկնազորի անդամները զենք կրելու իրավունք ունեն:

Երկու բարձրաստիճան ոստիկաններ մոտեցել են նաեւ Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին եւ ցանկացել են ծանուցագիր փոխանցել, սակայն նա հրաժարվել է վերցնել ծանուցագիրը` նույնիսկ չծանոթանալով դրա բովանդակությանը:

Այսօր ավելի վաղ ոստիկաններն այցելել էին Երեւանի Եկմալյան փողոցում գտնվող Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբ` այն կնքելու նպատակով: Նախագահի թեկնածուի կողմնակիցները պահանջել են ներկայացնել դատարանի համապատասխան որոշումը, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ոստիկանները օրինական հիմք չեն ունեցել եւ առանց շտաբը կնքելու հեռացել են:

Տեր-Պետրոսյանի կողմնակիցների հրավիրած հանրահավաքը այսօր մեկնարկել է ժամը 15:00-ին:

«Այս շարժման հիմքը, հենարանը այն երիտասարդությունն է, որը անկախ Հայաստանի առաջին սերունդն է», - հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա ուսանողներին դասադուլի կոչ արեց` ասելով. - «Ամեն ինչ կախված է ձեզանից: Դիմացեք մեկ-երկու շաբաթ, մի այցելեք ձեր բուհերը, ձեր բուհը Ազատության հրապարակն է, եւ դուք մեկ-երկու շաբաթ հետո կապրեք նոր երկրում, ազատ երկրում, հպարտ երկրում, արժանապատիվ երկրում»:

«Սերժ Սարգսյանը ինչ էլ անի, եթե իրեն պատառոտի անգամ, չի կարող իշխել այս նոր, գիտակից հասարակությանը, եւ աշխարհում ոչ մի չարախինդ, անտարբեր օտարական այլեւս երբեք չի կարող ասել, որ հայ ժողովուրդը արժանի է այնպիսի իշխանության, ինչպիսին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն է», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Ուշ երեկոյան հանրահավաքը շարունակվում էր:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները այսօր եւս վերահաստատեցին, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու են Սահմանադրական դատարանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, այժմ իրենք նախապատրաստում են բոլոր փաստաթղթերը եւ օրենքով սահմանված 7-օրյա ժամկետում իրենց դիմումը կներկայացնեն Սահմանադրական դատարան:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG