Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Պետրոս Մակեյանը


Հատուկ քննչական ծառայությունը այսօր ձերբակալել է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը, այս պահին Մակեյանը գտնվում է գլխավոր դատախազությունում, նրան մեղսագրվում է ընտրական հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելը:

Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի հաղորդագրության համաձայն, Պետրոս Մակեյանը կասկածվում է թիվ 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեջ:

«Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ փետրվարի 19-ի ժամը 14:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամաս են մտել Գյումրի քաղաքի բնակիչներ, ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի նախընտրական շտաբի պետ Մուրադ Գրիգորյանը եւ Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը: Վերջիններս տեղամասում աղմկել են ընտրողների անձնագրերում դրոշմակնքման հարցի շուրջ, ընտրողների ներկայությամբ վիճաբանել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ, շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների իրականացմանը եւ սպառնացել: Դեպքից 1-2 րոպե անց նույն ընտրատեղամաս է մուտք գործել Շոթա Սաղաթելյանը եւ, ներկայանալով որպես ՀՀ Նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ եւ խոչընդոտել նրանց աշխատանքների կատարմանը: Վերջինիս հեռանալուց հետո քիչ անց 34/06 տեղամաս է մուտք գործել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը եւ կրկին նույն հարցի շուրջ վիճաբանել հանձնաժողովի նախագահի հետ եւ շուրջ 10 րոպե խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքների կատարմանը», - ասված է, մասնավորապես, դատախազության հաղորդագրությունում:

Ավելի ուշ Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ նույն գործով ձերբակալվել է նաեւ Աշոտ Զաքարյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը եւ նրա եղբայր Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված են: Փետրվարի 23-ին նրանց հետ բերման ենթարկված Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը ազատ են արձակվել. թե ի՞նչ հիմնավորմամբ, ստորագրությա՞մբ, թե՞ ոչ` ոստիկանությունից հստակ պատասխան չտվեցին: Նույն վարչությունից փոխանցեցին, որ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, սակայն չասացին, թե ինչ հատկանիշներով:

Նույն աղբյուրի վկայությամբ, Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», մեղադրանք է առաջադրվել փետրվարի 24-ին ձերբակալված պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ: Այվազյանի հետ բերման ենթարկված Արտակ Սիսակյանի ու Վարդան Կիրակոսյանի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Երեկ ոստիկանություն են տարվել Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամներն ու ավտոմեքենաները:

Փետրվարի 24-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանին, նրա վարորդներին ու թիկնազորի անդամներին տարել էին Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական մասնաշենք: Արամ Կարապետյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ձերբակալված Արամ Կարապետյանին «մեղսագրվում է արարք` սուտ մատնություն, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 333 հոդվածով»:

«Արամ Կարապետյանը մեղադրվում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին ուղղված իր հայտարարությունների մեջ: Բանն այն է, որ վերջերս Արամ Կարապետյանի թողարկած տեսասկավառակների մեջ Կարապետյանը հռետորական հարցեր է տալիս, թե արդյո՞ք հանրապետության նախագահը եւ վարչապետը տեղյակ են եղել Մեղրիի հանձնման հարցին, եւ եթե այո` ապա Անվտանգության խորհրդում քննարկվե՞լ են արդյոք այդ հարցերը, թե՞ ոչ, եւ այդ ամենը կապվո՞ւմ է արդյոք «Հոկտեմբերի 27»-ի հետ, թե՞ ոչ», - ասաց Բաղդասարյանը` հավելելով. - «Հարցերը, հիմնականում, կրել են հռետորական ձեւ, որը, ըստ իս եւ նաեւ ըստ Արամ Կարապետյանի, իր մեջ չի ներառում հանցակազմ: Բնականաբար, մեր հետագա անելիքը լինելու է այդ գործողությունների բողոքարկումը»:

«Նոր ժամանակներ» կուսակցության մամուլի խոսնակ Էմանուել Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ անցած գիշեր Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկել են կուսակցության գրասենյակը, կնքել եւ առգրավել համակարգիչները:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG