Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալությունը բացահայտ քաղաքական հետապնդում է»


Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր կեսգիշերից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բացահայտ քաղաքական հետապնդում որակեց Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալման փաստը:

«Գագիկ Ջհանգիրյանի ձերբակալության դրդապատճառները, ինձ թվում է, հասկանալի են. մարդը բացահայտ, լինելով պետական պաշտոնյա, աջակցություն հայտնեց ինձ, ուրեմն, սա բացահայտ քաղաքական հետապնդում է, երկրորդ, ունի այլ նպատակ` որպեսզի Ջհանգիրյանի օրինակով ահաբեկի մյուս պետական պաշտոնյաներին, որպեսզի չհետեւեն նրա օրինակին: Ես ունեմ մի երրորդ մեկնաբանություն, որի մասին կխոսեմ հետո»:

Այնուհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավելեց. «Ուղարկված է փաստաբան, փաստաբանին ներս չեն թողնում: Ես քիչ առաջ ի պաշտոնե, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին` պահանջելով, քանի որ Ջհանգիրյանը իմ կողմնակիցն էր, աջակիցը եւ այստեղ էլ [Ազատության հրապարակում] ելույթ է ունեցել յաջակցություն ինձ, պահանջեցի, որ նա այցելի այդ հիմնարկ եւ ապահովի ամբողջ օրինական ընթացակարգը եւ անպայման անի ամեն ինչ, որ փաստաբանը ներկա գտնվի այդ ընթացակարգին: Արմեն Հարությունյանը խոստացավ անմիջապես կատարել իմ այդ խնդրանքը»:

Պատասխանելով այն հարցին, արդյոք կարո՞ղ է վտանգ սպառնալ Գագիկ Ջհանգիրյանի կյանքին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա մոտ 3 տարի վարել է հոկտեմբերի 27-ի գործի քննությունը, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն արձագանքեց. «Ես չեմ հավատում, սկզբում խոսակցություն կար, որ նրան կամ առեւանգել են կամ ձերբակալել: Առեւանգումը ինձ անհանգստացնում էր, հնարավոր էր նաեւ, որ ոստիկանի համազգեստով այդպիսի բան կատարվեր բանդիտների, քրեական տարրերի կողմից: Բայց ես հիմա շատ հանգիստ եմ, որ նա իրավական դաշտում է, իրավական դաշտում նրան ոչինչ չի սպառնում»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը դժվարացավ ասել` որքան կարող է անազատության մեջ լինել Գագիկ Ջհանգիրյանը. «Մեր հաղթանակի պարագայում դա մի քանի օրերի հարց է, եւ կաշխատենք հաղթենք, որ այդ հարցը շուտ լուծենք: Մյուս պարագայում` չգիտեմ»:

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր [6-րդ ] վարչություն տարված Գագիկ Ջհանգիրյանին գիշերը այցելել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ըստ որի. «Ամեն ինչ նորմալ էր, հանգիստ, որեւէ խնդիր չկար, եւ զրույց էր գնում, քանի որ նրա կարգավիճակը դեռ որոշված չէր»:

Ավելի ուշ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ օպերատիվ տեղեկատվություն էր ստացվել սեւ գույնի ԲՄՎ X5 մակնիշի, 99 ՏԼ 555 պետհամարանիշի եւ արծաթագույն ՎԱԶ 21010 մակնիշի, 80 ՍՍ 555 պետհամարանիշի ավտոմեքենաների մեջ գտնվող զինված անձանց մասին, որոնք մայրաքաղաքում իրավիճակը ապակայունացնելու նպատակ ունեին:
Ըստ նույն հաղորդագրության,« փետրվարի 23-ին, Ժամը 23.00-ի սահմաններում, Արգավանդի խաչմերուկի մոտ ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները կանգնեցրել են նշված մեքենաները: Ստուգելու ժամանակ մեքենաների մեջ գտնվող անձինք դիմադրություն են ցուցաբերել, որի ընթացքում հատուկ նշանակության վարչության աշխատակից Ռաֆիկ Մուրադյանի հաշվեցուցակային զենքից անզգուշաբար կրակոցներ են արձակվել, ինչի հետեւանքով թեթեւ մարմնական վնասվածքներ են ստացել նույն վարչության աշխատակից Գեւորգ Մալխասյանը, 3-րդ վարչության ավագ օպերլիազոր Տիգրան Կարապետյանը եւ դիմադրություն ցուցաբերած Վարդան Ջհանգիրյանը:
Ավտոմեքենաներում գտնվողները` գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Ջհանգիրյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Լյովա Պողոսյանը տարվել են ոստիկանություն:
Գագիկ Ջհանգիրյանի մոտ հայտնաբերվել է չեխական արտադրության ՉԶ-75 տեսակի ատրճանակ` լիցքավորված 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, Վարդան Ջհանգիրյանի մոտ` ՊՍՄ տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով եւ փամփշտակալով, Կարեն Հովհաննիսյանի մոտ` «Մակարով» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով ու եւս մեկ փամփշտակալ` 8 փամփուշտով:
Ավտոմեքենաների զննությամբ հայտնաբերվել են որսորդական հրացան, «Բրաունինգ» ատրճանակ` 14 փամփուշտով, 1-ը` փամփշտանոցում, դաշույն, ձեռնաշղթա եւ զրահաբաճկոն:
Վարդան Ջհանգիրյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG