Մատչելիության հղումներ

Միքայել Հարությունյան. «Ոչ ոքի չի հաջողվի բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»


Ոչ ոքի չի հաջողվի բանակը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Նրա հավաստմամբ` լուրերն այն մասին, թե պաշտպանության նախարարի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը սատարում են նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, չեն համապատասխանում իրականությանը:

«Այդ լուրերը կեղծ են, իսկ պաշտպանության նախարարի բոլոր տեղակալները զբաղված են իրենց ծառայողական պարտականությունների կատարմամբ», - լրագրողներին ասել է Միքայել Հարությունյանը ՌԴ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ այսօր «Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած արարողությունից հետո:

«Ես կոչ եմ անում բոլորին` զերծ մնալ նման սադրիչ հայտարարություններից: Բանակը չի զբաղվում քաղաքականությամբ եւ կատարում է իր առջեւ դրված խնդիրներն ու առաջադրանքները: Մենք ունենք գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար, որոնց հրամանները գործում են բոլորի համար` զինվորից մինչեւ հրամանատար, գեներալ, մինչեւ նախարարի տեղակալներ: Այնպես որ, մի հավատացեք նման հայտարարությունների, որոնք, միգուցե, ընդդիմության ցանկությունն են, որը չի իրականանա», - հայտարարել է նախարարը:

Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ` Միքայել Հարությունյանը նշել է նաեւ, որ նման հայտարարությունների համար բոլորը պետք է պատասխան տան օրենքի առջեւ, քանի որ ոչ ոք իրավունք չունի արհամարհել Սահմանադրությունն ու օրենքները. - «Նման սադրիչ հայտարարություններն արդեն հերքվել են զինված ուժերի ղեկավար կազմի կողմից` ի դեմս պաշտպանության նախարարի, նրա տեղակալների եւ գլխավոր շտաբի պետի»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG