Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները


Երեկ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարները: Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Ալի Բաբաջանի եւ Սերգեյ Lավրովի քննարկումների հիմնական թեման Կոսովոն էր:

Պաշտոնական Անկարան արդեն իսկ ճանաչել է Կոսովոյի հռչակած անկախությունը:

Այդուհանդերձ, Բաբաջանի հետ բանակցությունների ավարտին Lավրովը եւս մեկ անգամ քննադատել է Եվրամիության դիրքորոշումը` մասնավորապես, ասելով. - «Ռուսական կողմի դիրքորոշումը հետեւողականորեն հիմնվում է միջազգային իրավունքի նորմերի վրա: Թե’ Կոսովոյի եւ թե’ Կիպրոսի դեպքերում մենք հանդես ենք գալիս ՄԱԿ-ի արդեն գոյություն ունեցող բանաձեւերի վրա հիմնված կարգավորման օգտին»:

Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, որ Եվրամիության գործողությունները Կոսովոյում օրինական չեն. - «Եվրամիությունը միակողմանիորեն, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվության Կոսովո է ուղարկում օրենքի գերակայությունն ապահովելու կոչված հատուկ առաքելություն: Այս անվանումն ինքնին հեգնանք է պարունակում իր մեջ` օրենքի գերակայությունն ապահովող մարմինը Կոսովո է ուղարկվում գերագույն օրենքի` միջազգային իրավունքի նորմերի խախտումով»:

Թուրքիայի արտգործնախարարը, մինչդեռ, հայտարարել է, որ պաշտոնական Անկարան պատրաստվում է Կոսովոյի հետ իրավահավասար հարաբերություններ հաստատել:

«Մենք հարգում ենք Ռուսաստանի Դաշնության տեսակետը Կոսովոյի խնդրում: Իրավական եւ քաղաքական տեսանկյունից, սակայն, Թուրքիայի մոտեցումն այլ է: Միանշանակ է, որ հաշվի առնելով այս տարբերությունները` մեր որոշումն էլ Կոսովոյի հարցում տարբերվում է Մոսկվայի որդեգրած դիրքորոշումից», - ասել է Բաբաջանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG