Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը ընդունում է իր թեկնածուի պարտությունը


Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը այսօր հայտարարեց, որ կուսակցությունը ընդունում է նախագահական ընտրություններում իրենց թեկնածու Վահան Հովհաննիսյանի պարտությունը:

«Մի բան պարզ է` մենք պարտվել ենք: Ինչի՞ հետեւանք է, ինչքանո՞վ է դա առարկայական ժողովրդի տրամադրության արտահայտությունը, ինչքանո՞վ է դա կեղծիքների հետեւանք` չեմ կարող ասել: Բայց մեր կազմակերպությունը ընդունակ է հաղթահարելու այս դժվարությունները», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հրանտ Մարգարյանը Եռաբլուրում, որտեղ Ղարաբաղյան շարժման 20-ամյակի առիթով այցելած Դաշնակցության ղեկավար անդամները ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Հարցին, թե ինչպես կարող էր մի քանի ամիս առաջ (2007-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում) 13 տոկոս հավաքած կուսակցության թեկնածուն ստանալ գրեթե երկու անգամ քիչ քվե (Վահան Հովհաննիսյանը, ըստ նախնական տվյալների, հավաքել է շուրջ 6 տոկոս ձայն), Մարգարյանը, նախ ճշտեց` գրեթե կեսն է, ու արձագանքեց. - «Դրանք այն անհայտ բաներն են, որ մեզ էլ են մտահոգում: Այս պատասխաններն ենք փորձում առարկայականորեն գնահատել եւ եզրակացնել»:

Մարգարյանը ասաց, որ իրենք լուրջ վերապահումներ ունեն մի շարք ընտրատարածքների վերաբերյալ: Բացի այդ, նրա խոսքով` համատարած երեւույթ է եղել ընտրակաշառքը: Նա չբացառեք, որ իրենք բողոքարկեն ընտրությունների արդյունքները:

«Մենք եթե քննարկում ենք, ուրեմն քննարկումն է, որ կպայմանավորի մեր հայտարարության բովանդակությունը: Քաղաքական չի լինի, առարկայական կլինի», - հավելեց նա:

Իր թեկնածուի պարտությունը, Հրանտ Մարգարյանի խոսքով` Դաշնակցությունը «բնականաբար ընդունում է»: Իսկ հարցին, թե շնորհավորելո՞ւ են հաղթած թեկնածուին, Մարգարյանը պատասխանեց. - «Դեռ ժամանակ կա դրա համար»:


Աննա Սաղաբալյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG