Մատչելիության հղումներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կեսօրին ամփոփեց երեկ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները:

Համաձայն ԿԸՀ-ի արձանագրության, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 670 հազար 656 ընտրողներ:

Առաջին չորս տեղերը գրաված թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Սերժ Սարգսյան` 863 հազար 544 ձայն կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների վավեր ձայների 52,86 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյան` 351 հազար 306 ձայն կամ 21,5 տոկոս, Արթուր Բաղդասարյան` 272 հազար 256 քվե կամ 16,67 տոկոս, Վահան Հովհաննիսյան` 100 հազար 876 ձայն կամ 6,12 տոկոս:

Մյուս հինգ թեկնածուներն ստացել են ընդհանուր թվով 45 հազար 617 ձայն կամ քվեարկությանը մասնակցածների ձայների 3,3 տոկոսը:

Գարեգին Ազարյանի փոխանցմամբ` նախնական արդյունքների արձանագրությունը ստորագրել են հանձնաժողովի 8 անդամներից 6-ը: Հանձնաժողովում Դաշնակցությունը ներկայացնող Համլետ Աբրահամյանը հատուկ կարծիք է ներկայացրել:

ԿԸՀ-ում ընդդիմադիր «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները հանձնաժողովի նիստին չմասնակցեցին:


Կարինե Քալանթարյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG