Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպին մասնակցել է Սամվել Գեւորգյանը


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ընտրախախտումների մասին ստացված եւ հաստատված հաղորդումները, որոնք վերաբերում էին հիմնականում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձանց կողմից կատարված խախտումներին:

Օրինակ, Շիրինյանի խոսքով, 10/20 տեղամասում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը` Վարդգես Սարգսյանը «բացահայտ քարոզչություն» էր իրականացնում: Կամ 32/35 տեղամասի (Արեւածագ գյուղ) հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձ Էդմոն Գեւորգյանը «ոչ սթափ վիճակում» խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքը:

Միջադեպերից մեկին մասնակցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչ Սամվել Գեւորգյանը: Շիրինյանի խոսքով, Գեւորգյանը Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղում «անհարկի վիճաբանության մեջ է մտել» գյուղի բնակիչների հետ եւ «ծեծկռտուք է հրահրել»:

Սամվել Գեւորգյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Վարդաձոր մեկնել էին ստացված ահազանգից հետո, որ Տեր-Պետրոսյանի վստահված անձանց թույլ չեն տալիս մտնել ընտրատեղամաս: Իսկ սադրել է, ըստ Գեւորգյանի, գյուղապետը` իրենց դեմ տրամադրելով մի խումբ անսթափ վիճակում գտնվող մարդկանց:

«Գյուղապետը անձամբ հրահրեց ժողովրդին, թե` սա մեր գյուղն է, ոչ ոք չպիտի մտնի, անգամ վստահված անձ», - շարունակեց Գեւորգյանը: - «Սկսվեց նրանից, որ մեր վստահված անձը սկսեց արձանագրություն կազմել: Արդեն հարձակվեցին, հարձակվեցին նաեւ դրսում կանգնած մեր մարդկանց վրա: Հետո հրելով դուրս հանեցին վստահված անձին եւ դիտորդին եւ սկսկեցին խփել»:

Հետո Սամվել Գեւորգյանին եւ իր ուղեկիցներին վնդել են գյուղից, կոտրել են իրենց ավտոմեքենաների ապակիները: Այդ ամենի մասին Սամվել Գեւորգյանը հայտնել է մարզի ոստիկանություն. - «Ասացին, որ քրեական գործ են հարուցել, որ ես իբր խմբով գնացել եմ... Դա ծիծաղելի է»:

Ավելի ուշ հրավիրած ասուլիսում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետը նոր տեղեկություններ հրապարակեց` պնդելով, թե Սամվել Գեւորգյանը իր կողմնակիցների հետ փորձել է ահաբեկել հանձնաժողովի անդամներին, վերջիներս նրանց դուրս են հրավիրել, ինչից հետո Գեւորգյանն ու իր ուղեկիցները դիմել են փախուստի:

«Նշված անձանց հայտնաբերման ուղղությամբ կատարվում են փնտրողական աշխատանքներ: Նյութեր են նախապատրաստվում քննչական բաժնում», - հավելեց Շիրինյանը:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG