Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը քվեարկել է Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր քվեարկելուց հետո հայտարարեց, որ ձայնը տվել է Հայաստանի կայունության եւ բարգավաճման օգտին:

«Ամեն մի ընտրություն երեւի փորձություն է, որով պետք է անցնենք, եւ անցնենք ավելի ուժեղացած: Համոզմունք ունեմ, որ այս ընտրությունները այդպիսին են լինելու», - ասաց նախագահը` հավելելով. - «Իհարկե, ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից հերթական շատ լուրջ առաջընթացն ենք արձանագրելու»:

«Տրամադրությունս փայլուն է, եւ համոզմունք ունեմ, որ լավ է լինելու», - հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:

Նախագահն ասաց, որ չէր համարձակվի կանխատեսել, թե քանի փուլով կավարտվի ընտրությունը. իհարկե, կցանկանար, որ ամեն ինչ մեկ փուլով ավարտվի, բայց որոշողն ընտրողն է` իր քվեարկությամբ:

«Ի՞նչ է լինելու վաղը», - այս հարցին Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. - «Աշխատանքի եմ գնալու: Առավոտյան ժամը 9-ին աշխատանքի եմ լինելու փետրվարի 20-ին»:

«Իսկ ապրիլի 9-ից հետո՞ [երբ որպես նախագահ կավարտի իր պաշտոնավարման ժամկետը]», - լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան նա ասաց. - «Դա Հայաստանում ամենամեծ գաղտնիքն է», ապա բարձր ծիծաղեց:

Նախագահ Քոչարյանի քվեարկության պահը համընկավ ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ Վլադիմիր Ռուշայլոյի` տեղամաս այցելությանը:

Թիվ 9/11 ընտրատեղամասում նախագահը քվեարկեց ավագ որդու եւ տիկնոջ հետ` կրտսեր որդին դեռ ծառայում է բանակում:

Տիկին Բելլա Քոչարյանն էլ, ինչպես եւ նախագահ Քոչարյանը, համոզված է, որ հետընտրական անկարգություններ չեն լինելու:

Իսկ այն հարցին, թե որտե՞ղ է տեսնում Ռոբերտ Քոչարյանին ապրիլի 9-ից հետո, Բելլա Քոչարյանը արձագանքեց. - «Մենք այդ թեմայով դեռ չենք խոսել»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG