Մատչելիության հղումներ

Բորիս Տադիչ. «Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը»


Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Այդ մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Բորիս Տադիչը Կոսովոյի խորհրդարանի կողմից երկրամասի անկախության հռչակումից անմիջապես հետո ժողովրդին ուղղած կոչ-ուղերձում:

Դատապարտելով Կոսովոյի խորհրդարանի, իր խոսքերով` «ապօրինի» քայլը, Տադիչը հայտարարել է. - «Սերբիան պետք է անի ամեն հնարավորը` չեղյալ համարելու անկախության այդ միակողմանի եւ ապօրինի հռչակագիրը: Սերբիան խաղաղ, դիվանագիտական եւ իրավական բոլոր ճանապարհներով ընդդիմացել եւ ընդդիմանալու է Կոսովոյի այս քայլին: Սերբիան միջազգային ատյաններից պահանջում է չեղյալ հայտարարել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին հակասող այդ որոշումը»:

Նախագահի ուղերձին Սերբիայում հաջորդել են Կոսովոյի խորհրդարանի որոշման դեմ բողոքի ակցիաները: «Ամերիկացիներ, վերադարձրեք Կոսովոն» գրությամբ պաստառներով Բելգրադում հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին ԱՄՆ-ի դեսպանատան մոտ եւ քարեր էին նետում դեսպանատան շենքի ուղղությամբ:

Դատապարտող հայտարարությամբ անմիջապես հանդես է եկել Ռուսաստանը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից պահանջելով անմիջապես արտահերթ նիստ գումարել, չեղյալ համարել Կոսովոյի խորհրդարանի որոշումը եւ պատժամիջոցներ կիրառել Պրիշտինայի նկատմամբ: Ըստ նախնական տեղեկությունների` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կգումարվի այսօր:

Մինչդեռ մի շարք երկրներ անմիջապես ողջունել են երկրամասի անկախության հռչակումը: Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան հայտարարել է, որ փետրվարի 17-ը պատմության մեջ կմնա որպես «վերածննդի» օր:

Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները Կոսովոյին հաջողություն է մաղթել. - «Կոսովոյի անկախացումը նաեւ միջազգային հանրության եւ Եվրոպայի հաղթանակն էր: Պետք չէ դա ընկալել որպես ողբերգություն: Դա կայծակ չէր անամպ երկնքում եւ ոչ էլ պայթյուն էր: Պարզապես, ստեղծված իրավիճակում այլ ելք չկար»:

Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրներ Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հենց այսօր կճանաչեն Կոսովոյի անկախությունը:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի հայտարարության համաձայն` պաշտոնական Վաշինգտոնը քննարկում է Կոսովոյի ընդունած հռչակագիրը եվրոպացի գործընկերների հետ: Միացյալ Նահանգները ողջունել է ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու` Կոսովոյի իշխանությունների մտադրությունը եւ զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG