Մատչելիության հղումներ

Սերը՝ «ժամանակավոր խանգարո՞ւմ»


Խեորխինա Ֆլորեսի պնդմամբ, հարկ է տարբերել սերը համակրանքից, կապվածությունից եւ սեռական ձգտումից: Սիրահարվածության առաջին փուլում գլխուղեղում արտադրվում են քիմիական հատուկ միացություններ, որոնք ազդեցություն են գործում բոլոր նեյրոնների վրա: Այդ պահին ակտիվանում են գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատվություն են կրում զգացմունքների համար:

Խեորխինա Ֆլորեսն ասում է, որ քանի դեռ Կուպիդոնի՝ սիրո աստծո թիրախ դարձած մարդու գլխուղեղում տեղի են ունենում այդ բարդ գործընթացները, սիրահարվածը մտածում է միայն այն մարդու մասին, որին սիրահարվել է, հետեւապես` նա չսիրահարվածի համեմատությամբ գտնվում է ոչ սովորական վիճակում: Ֆլորեսը սիրահարվածությունը համեմատում է հոգեբուժության մեջ հայտնի սեւեռուն վիճակի սինդրոմի հետ:

Մեքսիկացի գիտնականները պնդում են, որ զուտ բնական՝ մարդու օրգանիզմի ֆիզիկական կարողություններից բխող այդօրինակ վիճակները տեւում են առավելագույնը 4 տարի: Այդ է «ամրության ռեսուրսը» նույնիսկ ամենառոմանտիկ պարագաներում:

Ֆլորեսը նշում է, որ նույն մարդուն կարելի է սիրահարվել միայն մեկ անգամ: Հարաբերություններում ի հայտ եկած «լուրջ սառեցումից» հետո զգացմունքների կրկնակի «բռնկումները» բացատրվում են միայն կապվածությամբ կամ սեռական ձգտմամբ:

Մեքսիկացի գիտնականը փորձում է համոզել նաեւ, որ սիրահարվածությունը հանգեցնում է ստեղծագործական արդյունավետության նվազեցման: «Ոչ մի գլուխգործոց չի ստեղծվել սիրահարված վիճակում, այն ստեղծվել է միայն սիրո հեռանալուց հետո», - պնդում է նա:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG