Մատչելիության հղումներ

Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմին. «Դատապարտում ենք անառողջ մրցապայքարի ցանկացած փորձ»


Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը չորեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ դատապարտում է նախագահական ընտրություններում «անառողջ մրցապայքարի ցանկացած փորձ» ու կոչ է անում մեր պետականության համար վճռորոշ նշանակություն ունեցող այս ընտրություններում «հանդես գալ բացառապես գաղափարական-ծրագրային դիրքերից»:

«Նախագահական ընտրարշավի սկզբում նկատելի՝ անառողջ մրցապայքարի միտումները օրեցօր նոր դրսեւորումներ են ստանում: Հասարակության մեջ սերմանվող անհանդուրժողականության մթնոլորտը, քաղաքական պայքարի տարրական նորմերի ոտնահարումը, մրցակից թեկնածուների եւ նրանց թիմակիցների միմյանց հասցեին ուղղված անձնական վիրավորանքները, հաշվեհարդարի բացահայտ կոչերն ու սպառնալիքները, հասարակության մեջ թշնամանքի եւ փոխադարձ ատելության սերմանումը հասել են խիստ վտանգավոր մակարդակի», - ասված է հայտարարությունում: - «Այս ամենը կանաչ լույս է վառում ոչ քաղաքական տարրերի եւ արտաքին ուժերի միջամտության համար, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Գիտակցելով ստեղծված իրավիճակի ողջ վտանգավորությունը՝ մենք դատապարտում ենք անառողջ մրցապայքարի ցանկացած փորձ»:

«Մենք կոչ ենք անում բոլոր ուժերին նախընտրական արշավի ընթացքում հետեւել քաղաքական էթիկայի նորմերին, հանդես գալ բացառապես գաղափարական-ծրագրային դիրքերից՝ զերծ մնալով իրավիճակը անվերահսկելի դարձնելու սադրիչ փորձերից», - հայտարարում է Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը` եզրափակելով. - «Մենք թույլ չենք տա վտանգել երկրի կայունությունը եւ մեր անկախ պետականության ապագան: Մենք պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ստեղծված կացությունից միակ ելքը հնարավոր բոլոր ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները բացառելը եւ իրապես ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնելն է»:

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG