Մատչելիության հղումներ

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահին


Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ամենայն հայոց կաթողիկոսը ողջունել է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում Բակո Սահակյանի անդրանիկ այցը Մայր Աթոռ` հաստատելով, որ Հայոց եկեղեցին շարունակելու է իր զորակցությունը բերել Արցախի առաջընթացին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` Բակո Սահակյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կացությանը, տնտեսության զարգացման ծրագրերին եւ հեռանկարներին: Նա առաջարկել է Վեհափառ հայրապետին, որպեսզի ավանդույթ ձեւավորվի, եւ ամեն տարի, եկեղեցական նշանակալի որեւէ տոնի առիթով, Վեհափառը իր անմիջական մասնակցությունը բերի Ղարաբաղում կազմակերպվող տոնակատարությանը:

Անդրադառնալով Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին` Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Լեռնային Ղարաբաղի նախագահը կարեւորել են դրանց անցկացումը օրինականության շրջանակներում, խաղաղության եւ համերաշխության մթնոլորտում, որպեսզի տեղ չգտնեն այնպիսի քայլեր ու երեւույթներ, որոնք կարող են վնասել ժողովրդի արժանապատվությունը, ստվերել ազգի, պետության վարկն ու հեղինակությունը` վտանգներ ստեղծելով պետականության եւ Հայաստանում ու Ղարաբաղում թանկ գնով ձեռք բերված նվաճումների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG