Մատչելիության հղումներ

Արտաշատի միջադեպի գործով նախաքննությունը կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ


Արարատի մարզկենտրոն Արտաշատում փետրվարի 6-ին Հայաստանի նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար Արարատի մարզային քննչական բաժնում ստեղծվել է քննչական խումբ:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի տարածած հաղորդագրության համաձայն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար. - «Պահանջվել եւ զննվել են հանրահավաքի տեսագրությունները, հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին՝ ձեռնարկել որոնողական աշխատանքներ խուլիգանական արարքներ կատարած անձանց ինքնությունը բացահայտելու, վկաներին հայտնաբերելու ուղղությամբ»:

Համաձայն հաղորդագրության, Լեւոն Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամ Սարգիս Հովհաննիսյանը «դժվարացել է նկարագրել իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց՝ ասելով, որ նրանցից երկուսը եղել են միջին կազմվածքի, միջին հասակի, սեւ մազերով, եւ որ տեսնելու դեպքում կարող է ճանաչել միայն նրանցից երկուսին»:

Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռայա Ասատրյանի եւ Արտաշատի բնակիչ Օֆելյա Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «նրանք ստացել են առողջությունը չքայքայող թեթեւ մարմնական վնասվածքներ»:

Ըստ դատախազության հաղորդագրության, իրականությանը չի համապատասխանում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությունը, թե Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց եւ գտնվում է հիվանդանոցում. - «Հովհաննիսյանը շարունակում է կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի մասին քննչական խմբին հայտնել է անձամբ՝ հրաժարվելով փետրվարի 7-ին ներկայանալ քննությանը՝ պատճառաբանելով, որ գտնվում է Լոռու մարզում»:

«Տեսաերիզների զննությամբ եւ նախաքննությամբ չեն հիմնավորվել նաեւ փետրվարի 6-ին Արտաշատ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հարթակի վրա, հռետորների ուղղությամբ սառցե բեկորներ կամ այլ իրեր նետելու մասին հրապարակումները: Դրանք հերյուրանքներ են», - պնդում է դատախազությունը` հավելելով, որ Արարատի մարզային քննչական բաժնում նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG