Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Շատ վայրերում իշխանությունները կորցրել են վերահսկողությունը»


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իրադրությունը «լրիվ փոխվել է Երեւանում եւ շրջակա մարզերում»:

Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում, Տեր-Պետրոսյանի խոսքով` իշխանություններն արդեն կորցրել են իրենց վերահսկողությունը. - «Այդ մարզերում այսօր Սերժ Սարգսյանը 10 տոկոս ձայն չունի»:

«Նա [Սերժ Սարգսյանը] պարտված է արդեն», - շարունակեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: - «Այս բոլոր քայլերը պարտվածի, խուճապահար մարդու ջղաձգություններ են: Դա հոգեվարք է: Դիմում են ամենաճղճիմ քայլերի: Ամեն տեղ փորձում են ինչ-որ պրովոկացիաներ սարքել... Ուժեղը, հզորը, ճշմարտությանը հավատացողը այդպիսի մանր քայլերի չի գնա»:

«Եթե վախեցած եք, ապա վստահ եղեք` Սերժ Սարգսյանին ընտրելու դեպքում տասը տարի էլ վախեցած եք մնալու: Հանեք ձեր միջից այդ վախը: Հանեք եւ վստահ եղեք` այս իշխանությունները ձեզ ոչինչ չեն կարող անել, անզոր են... Ուղղեք ձեր մեջքերը, եւ ձեր կյանքում շատ բան կփոխվի», - ասաց նա:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրողների հետ հանդիպումներ ու զրույցներ ունեցավ նաեւ Լոռու մարզի Ջրաշեն, Շիրակամուտ, Կուրթան եւ այլ գյուղերում:

«Միայն մի բան եմ խնդրում` չխաբվել իշխանությունների խոստումներից», - գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ ասում էր Տեր-Պետրոսյանը: - «Եթե ի վիճակի էին խոստումներ տալ, այդ բանը պիտի կատարեին. տասը տարի ունեին այդ հնարավորությունը... Չսխալվեք, սխալը ճակատագրական կարող է լինել»:

Գյուղերից մեկում ութ երեխա ունեցող մի տղամարդ ասաց, թե ով փող տա իրեն, նրա օգտին էլ կքվեարկի` պատճառաբանելով, որ իր տան տանիքը վերանորոգման կարիք ունի:

«Փող կտաք` կընտրեմ», - Տեր-Պետրոսյանին ասաց նա, ինչին նախագահի թեկնածուն արձագանքեց. - «Փողով չեմ ուզում: Դու գնա, քո ձայնը տուր Սերժին»:

«Վագոնի մեջ եմ ապրում, կաթում է», - քիչ անց «Ազատություն» ռադիոկայանին ասաց այդ տղամարդը` հավելելով, որ «ութ հատ ձայն» ունի եւ վաճառում է դրանք յուրաքանչյուրը 15-20 հազար դրամով:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG