Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյան. «Սուտ են ասում ե’ւ այս կողմում, ե’ւ այն»


Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ հեղափոխական դաշնակցության թեկնածու Վահան Հովհաննիսյանը հինգշաբթի օրը Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպումներում կոչ արեց համակարգի փոփոխություն ակնկալողներին քվեարկել իր օգտին:

«Եթե ուզում եք սիստեմը փոխվի, 19-ին ձայն տվեք Դաշնակցության թեկնածուին, եթե ուզում եք անունները փոխվեն ու տուրուդմփոց լինի` այդ դեպքում ձեր որոշելիքն է», - Քանաքեռավանում հայտարարեց թեկնածուն:

Բջնիում ընտրողներից Հրայր Մաթեւոսյանի դիտարկմանը, թե ժողովուրդը չի հավատում, որ ընտրությունները արդար ու ազատ կանցնեն, Հովհաննիսյանը արձագանքեց. - «Իհարկե, բոլորը մտավախություն ունեն, որ կարող է խարդախություն լինի: Բայց դա քո ընտրության հետ ի՞նչ կապ ունի. դու գնա ազնվորեն քո ձայնը տուր, իսկ ես կկռվեմ քո ձայնի համար»:

Չարենցավանում Վահան Հովհաննիսյանը ելույթը սկսեց իր մասին տարածված լուրերը հերքելով. - «Սուտ առաջին` իբր Վահան Հովհաննիսյանը ձայներ է հավաքում իր կուսակցության հետ միասին մեկ այլ թեկնածուի շահերը սպասարկելու համար: Սա ամենանենգ ու կեղտոտ սուտն է... Կգա ամսի 9-ը` վերջին օրն է թեկնածությունը հանելու, ու դուք կտեսնեք, որ ես չեմ հանի ու կպայքարեմ մինչեւ վերջ»:

«Նենգ ու կեղտոտ սուտ» որակեց նախագահի թեկնածուն նաեւ այսօր հհշամետ մամուլի տարածածը, թե իբր վարչապետը իրեն հրավիրել է, որպեսզի սաստի ու կանխի իր «ընդդիմադիր ելույթները»:

«Սուտ են ասում ե’ւ այս կողմում, ե’ւ այն», - եզրափակեց նա: - «Մենք գնում ենք ուղիղ մեր ճանապարհով եւ ծայրահեղությունների մեջ չենք ընկնում»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG