Մատչելիության հղումներ

«Քաղաքական գենետիկա՞»


Ռայսի համալսարանի գիտնականները պնդում են, որ քաղաքական հայացքները կարող են փոխանցվել նաեւ ժառանգական ճանապարհով:

«Վաշինգտոն փրոֆայլ» վերլուծական կենտրոնի փոխանցմամբ` մասնագետները հետազոտություն են կատարել 12 հազար ամերիկացի եւ ավստրալացի երկվորյակների շրջանում: Այսպես կոչված «մոնոզիգոտ» կամ միաձվային երկվորյակները, որոնք ունեն միանման գենոտիպ, միեւնույն խմբի արյուն, պատկանում են նույն սեռին եւ արտաքուստ նման են միմյանց՝ շատ հաճախ նույն հայացքները եւ նախասիրություններն ունեն մի շարք բնագավառներում, այդ թվում՝ քաղաքական հարցերում:

«Դիզիգոտ» կամ երկձվային երկվորյակներն ունեն տարբեր գենոտիպ, նրանց քաղաքական հայացքները կարող են էապես տարբերվել:

Հետազոտությունն անցկացրել է Ռայսի համալսարանի քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր Ջոն Ալֆորդի ղեկավարած խումբը:

«Չկա գեն, որը պատասխանատու է մարդու վարվելաձեւի համար, ոչ ոք չի հերքում, որ մարդը կարող է «ի հեճուկս» ժառանգած գեների միանգամայն այլ կյանք կերտել», - ասել է պրոֆեսորը եւ հավելել, որ այսօր դեռ դժվար է հստակ բացատրել միանման գենոտիպ ունեցող երկվորյակների շրջանում նախասիրությունների զուգադիպության ֆենոմենը:

«Քաղաքագետներն ի սկզբանե հերքում են գենետիկայի նշանակությունը, ինչը ճիշտ չէ, ժառանգականությունը մեծ դեր ունի մարդու կյանքի անհաշիվ ասպարեզներում, ինչո՞ւ ենք բացառում գենի տեղը քաղաքական դիրքորոշումների եւ մոտեցումների հարցում», -ասել է Ջոն Ալֆորդը եւ կարեւորել հետազոտությունների շարունակումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG