Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը նախօրեին վերադարձել է Մոսկվայից: Թերթին հայտնի է դարձել, որ «Նոր ժամանակներ»-ը փետրվարի 9-ին պատրաստվում է մասնակցել Հայաստանի առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքին:

«Ազգ» թերթը, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի միավորման հնարավորությանն անդրադառնալով, գրել է. - «Այս պահին ավելի քան հստակ է, որ բանակցող կողմերի միջեւ ընդդիմության լիդերության հարցը դարձել է առաջնային եւ դժվար թե լուծում ստանա մինչեւ առաջիկա շաբաթ օրը` փետրվարի 9-ը, որից հետո ոչ ոք իրավունք չունի թեկնածությունը հանելու»: «Այդ դեպքում, լիդերության հարցը ինքնըստինքյան կլուծվի 2-րդ փուլ անցնելուց հետո: Անշուշտ, եթե լինի 2-րդ փուլ...», - եզրափակել է թերթը։

Նույն թեմային անդրադառնալով` «Հայոց Աշխարհ» թերթի վերլուծաբանը գրել է. - «Գործնականում Տեր-Պետրոսյանը երբեք չի հանի իր թեկնածությունը հօգուտ Արթուր Բաղդասարյանի, քանզի նրա շուրջն արդեն համախմբվել են 1,5 տասնյակ կուսակցություններ ու կազմակերպություններ, որոնցից շատերի համար Բաղդասարյանի թեկնածությունը, մեղմ ասած, ընդունելի չէ։ Ուրեմն միացող կողմը պետք է լինի ինքը՝ Արթուր Բաղդասարյանը»։ Մինչդեռ, ըստ վերլուծաբանի, «գաղտնիք չէ, որ այսօր էլ ՕԵԿ-ի անդամների ու համակիրների շրջանակը համախմբված է «մարդ-կուսակցություն» սկզբունքով, եւ այդ մարդը Արթուր Բաղդասարյանն է, որն իր թեկնածությունը Տեր-Պետրոսյանի օգտին հանելու պարագայում կկարողանա վերջինիս փոխանցել իր քվեների միայն մի մասը»։ «Ի վերջո, Արթուր Բաղդասարյանի քվեների մի մասի հաշվին ավելացած Տեր - Պետրոսյանի ընտրազանգվածը կլինի մոտավորապես այնքան, որքան ընտրողներ ներկայումս արդեն ունի առանձին վերցրած Արթուր Բաղդասարյանը», - հաշվարկել է վերլուծաբանն ու եզրակացրել. - «Թեկնածուների թվի «մեկով կրճատումը» ոչ թե կավելացնի, այլ անգամ մի փոքր կնվազեցնի նրանց քվեների ընդհանուր գումարը, ինչը կդյուրացնի իշխանության թեկնածուի հաղթանակը հենց առաջին փուլում»։

Իրեն ուղղված սպառնալիքների առնչությամբ անցած կիրակի Արթուր Բաղդասարյանի հնչեցրած հայտարարությանն անդրադառնալով` «Հայկական ժամանակ»-ի խմբագրականը շեշտադրել է. - «Դատախազությունը պարտավոր է բացահայտել այս հանցագործությունը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով։ Որովհետեւ եթե նախագահի թեկնածուին սպառնում են, դա արդեն բոլորովին ուրիշ բան է նշանակում... Ակնհայտ է, որ այս ամենը նպատակ ունի վիժեցնել ընդդիմության դաշտում հնարավոր համախմբման պրոցեսը, քանի որ այս պրոցեսի վիժեցման արդյունքում միայն Սերժ Սարգսյանը կարող է նախագահի պաշտոնին տիրելու թեկուզ չնչին հնարավորություն ունենալ»։

«168 ժամ» թերթի մեկնաբանը, պնդելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի հնարավոր միավորումից հետո չեն կարող մեխանիկորեն միավորվել նրանց ընտրազանգվածները, փաստարկել է. - «ՕԵԿ-ի ընտրազանգվածը, ինչպես ցույց տվեց ՕԵԿ-ի երեւանյան վերջին հանրահավաքը, շատ չի զիջում Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածին, որը գերակշիռ մասով այս կամ այն չափով բողոքական է։ Սակայն, այն փաստը, որ վերջիններս ի սկզբանե նախընտրել են Արթուր Բաղդասարյանին, արդեն իսկ ցույց է տալիս, որ նրանք Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածն էլ չեն»։ «Այնպես որ, հնարավոր միավորման դեպքում այդ ընտրազանգվածն իր համար կամ այլ ընդդիմադիր թեկնածու կգտնի, կամ առհասարկ չի մասնակցի ընտրություններին», - պնդել է մեկնաբանն ու բխեցրել. - «Բոլոր դեպքերում՝ թե’ միավորվելու, թե’ չմիավորվելու դեպքում Արթուր Բաղդասարյանը ձայներ է փոշիացնելու՝ ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իշխանությունից»։

Ի մի բերելով նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին տասնօրյակի «լեզուն եւ ոճը»` «Հայք» թերթի վերլուծաբանը գնահատել է. - «Միանշանակ է, որ գրեթե բոլոր նախագահացուները փորձում են ինքնահաստատվել՝ քննադատելով Լեւոն Տեր-Պետրոսյանին»։ «Մինչդեռ, քարոզչական նպատակներով գործող իշխանություններին քննադատելու` որոշ թեկնածուների կողմից կիրառվող տակտիկան մի նպատակ ունի. այս կերպ ցրել «իշխանությունների մարդը» լինելու մասին կասկածները», - ամփոփել է վերլուծաբանը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG