Մատչելիության հղումներ

Սերբիայի գործող նախագահը հաղթեց ընտրությունների երկրորդ փուլում


Արեւմտամետ քաղաքական գործչի համբավ ունեցող` Սերբիայի գործող նախագահ Բորիս Տադիչը թեժ պայքարում անցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում երեկ հաղթել է ռուսամետ համարվող ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչին:

Սերբիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ` քվեարկությանը մասնակցել է ընտրողների շուրջ 67 տոկոսը: Գործող նախագահ, Դեմոկրատական կուսակցության ղեկավար Տադիչը ստացել է քվեների մոտ 51 տոկոսը, իսկ Սերբիայի արմատական կուսակցության ղեկավար Նիկոլիչը՝ շուրջ 47:

«Ես ցանկանում եմ շնորհավորել քվեարկությանը մասնակցած Սերբիայի բոլոր քաղաքացիներին, որովհետեւ նրանք ապացուցեցին, որ Սերբիան ունի հզոր ժողովրդավարություն, դա եվրոպական ժողովրդավարություն է: Մենք ցույց տվեցինք եվրոպական երկրներին, Եվրամիությանը, թե դեմոկրատական ինչ կարողություն ունի Սերբիան: Եկեք ծափահարենք մեր երկրի բոլոր քաղաքացիներին, Սերբիային», - ասել է Տադիչը:

Եվրամիությունը եւ եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ ողջունել են ընտրությունների արդյունքները` նշելով, որ սերբերը վերահաստատեցին իրենց հավատարմությունը երկրի զարգացման եվրոպական ճանապարհին:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, ենթադրվում է, որ Կոսովոյում մեծամասնություն կազմող ալբանացիները Սերբիայի ընտրություններից կարճ ժամանակ անց միակողմանիորեն կհռչակեն երկամասի անկախությունը Բելգրադից:

Թե’ Բորիս Տադիչը եւ թե’ Տոմիսլավ Նիկոլիչը բազմիցս հայտարարել են, որ միանշանակ դեմ են Կոսովոյի անկախությանը, սակայն գործող նախագահը տարբեր առիթներով ասել է նաեւ, որ շարունակելու է իրագործել Եվրոպական միությանը Սերբիայի անդամակցության ծրագիրը` նույնիսկ այն դեպքում, եթե Բրյուսելը ճանաչի Կոսովոյի անկախությունը:

Վերլուծաբանների համոզմամբ` ընդամենը 4 տոկոսի առավելությամբ տարած հաղթանակը վկայում է Տադիչի դիրքերի խոցելի լինելու մասին: 2004 թվականին Տադիչը 9 տոկոսի առավելությամբ է հաղթել Նիկոլիչին:

«Այստեղ հաղթող չկա, թվում է, թե Տադիչը 5 տարի կնախագահի, սակայն, ըստ էության, բարոյական հաղթանակը պատկանում է Նիկոլիչին», - երեկվա ընտրությունների կապակցությամբ ասել է «Վրեմե» հանդեսի մեկնաբան Դրագոլյուբ Ժարկովիչը:

Չի բացառվում, որ Բորիս Տադիչի ղեկավարած Դեմոկրատական կուսակցության եւ վարչապետ Վոիսլավ Կոշտունիցայի ղեկավարած Սերբիայի դեմոկրատական կուսակցության կազմած կոալիցիան թուլանա: Կոշտունիցային համարում են «չափավոր ազգայնական» գործիչ:

50-ամյա Բորիս Տադիչը մասնագիտությամբ հոգեբան է: Նրա ծնողները կոմունիստական շրջանում այլախոհներ են եղել: Սլոբոդան Միլոշեւիչի վարչակարգի տապալումից հետո Տադիչը ղեկավարել է նախ Սերբիայի եւ Չերնոգորիայի հեռահաղորդակցության, ապա` պաշտպանության նախարարությունները:

2003 թվականին վարչապետ Զորան Ջինջիչի սպանությունից հետո Դեմոկրատական կուսակցության շարքերում ի հայտ են եկել ներքին տարաձայնություններ: 2004 թվականին Տադիչն է ստանձնել Դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը:

Սերբիայի գործադիր իշխանությունը հիմնականում պատկանում է վարչապետին: Նախագահը օժտված է մի շարք զուտ արարողակարգային լիազորություններով, սակայն ունի նաեւ որոշ հզոր լծակներ. նա հաստատում է օրենսդիրի ընդունած օրենքները, համարվում է զինված ուժերի գլխավոր հրամանատարը, կառավարության առաջարկով կարող է լուծարել խորհրդարանը, արտակարգ իրավիճակում կարող է վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ հռչակել արտակարգ կամ պատերազմական դրություն:

Գործող օրենքի համաձայն, ստանձնելով պաշտոնը` նախագահը երդվում է «պաշտպանել Սերբիայի ինքնիշխանությունը եւ տարածքային ամողջականությունը, որի անբաժան մաս է կազմում Կոսովոն»:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG