Մատչելիության հղումներ

103 հազար 600 եվրո` Բրեժնեւի «Մերսեդես»-ի համար


Նախկին խորհրդային առաջնորդ` ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Լեոնիդ Բրեժնեւին պատկանող Mercedes-W100 մակնիշի զրահապատ ավտոմեքենան Բեռլինի աճուրդում վաճառվել է 103 հազար 600 եվրոյով:

DPA լրատվական գործակալության փոխանցյամբ, Բրեժնեւը հայտնի էր որպես մոլի ավտոսիրող, ով հնարավորության դեպքում հաճախ ինքն է նստել ղեկին եւ բարձր արագություն զարգացրել` հարուցելով իր թիկնապահների եւ օգնականների սարսափն ու վրդովմունքը:

Հայտնի էր նաեւ, որ Բրեժնեւը «թուլություն» ուներ հատկապես արտասահմանյան մեքենաների նկատմամբ:

Daimler-Benz գործարանը 1964 - 1981 թվականների ընթացքում արտադրել է Mercedes-W100 մակնիշի շուրջ 2200 մեքենա: Դրանք հիմնականում գնել են հայտնի եւ հարուստ մարդիկ, որոնց թվում են ոչ միայն Բրեժնեւը, այլեւ Չինաստանի առաջնորդ Մաո Ցզեդունը եւ տասնյակ այլ երկրների ղեկավարներ, Ջոն Լենոնը, «ռոքնռոլի արքա» Էլվիս Փրեսլին, Հոլիվուդի աստղեր:

Mercedes-W100 մեքենաները օժտված էին գերհզոր շարժիչով, ունեին այն տարիների համար շքեղ ներքին դիզայն` կաշվե նստարաններ, փոքրիկ բար, որում տեղավորվել է մեկ շիշ օղի, սառցաման եւ ըմպանակներ բոլոր ուղեւորների համար:

Բեռլինի աճուրդից առաջ մասնագետները ստուգել են մեքենան եւ հայտնել են, որ «1966 թվականին գործարանից դուրս եկած սեւ «մետալիկ» գույնի 90 հազար կիլոմետր անցած այդ «Մերսեդես»-ը շատ լավ վիճակում է, վերջին անգամ ներկը թարմացվել է 1992 թվականին»:

DPA-ն հաղորդում է, որ հայտնի չէ, թե արդյոք Բրեժնեւը երբեւէ նստե՞լ է այդ «Մերսեդես»-ը, որովհետեւ նրա տրամադրության տակ կային բազմաթիվ այլ շքեղ եւ գերարագընթաց մեքենաներ: Տվյալ մեքենան նախկինում Մոսկվայում եղել է Պետական անվտանգության կոմիտեի հաշվեկշռին, իսկ Գերմանիայում գրանցվել է 1991 թվականի հուլիսի 18-ին, սակայն չի հաղորդվում, թե ինչպես եւ երբ է այն հայտնվել Գերմանիայի տարածքում:

Աճուրդի հանված մեքենան ժամանակին բռնագրավել են Բեռլինի հարկային մարմինները, սակայն DPA-ն չի հաղորդում, թե ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել:

Աճուրդում մեքենայի նախնական գինը 52 հազար 500 եվրո է հայտարարվել եւ րոպեների ընթացքում կրկնապատկվել է: Աճուրդի կանոնների համաձայն` գնորդի անունը չի հրապարակվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG