Մատչելիության հղումներ

Human Rights Watch-֊ը՝ Հայաստանի մասին


Երեկ հրապարակված զեկույցում Human Rights Watch հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը անդրադարձել է անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված մարդու իրավունքների ոտնահարման փաստերին:

Ընտրություններին վերաբերող բաժնում կազմակերպությունը փաստել է. - «Չնայած միջազգային դիտորդները հայտարարեցին, թե Հայաստանում մայիսի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները մեծապես համապատասխանել են միջազգային չափանիշներին, այդուամենայնիվ, նրանք նշեցին նախընտրական փուլում տեղ գտած խախտումների, այդ թվում` հանրապետականների օգտին քվեարկելու նպատակով աշխատողների նկատմամբ կիրառված ճնշումների, ընտրակաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման մասին»:

Ընդգծելով, որ այս անգամ ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքները ոստիկանական ճնշումներով չեն ուղեկցվել եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները լուսաբանվել են Հանրային հեռուստաընկերության կողմից, կազմակերպությունը միաժամանակ փաստում է, որ, այդուամենայնիվ, այդ լուսաբանումը իշխանամետ կուսակցությունների համեմատ հավասարաչափ չէր:

«Բացի այդ, ընտրությունների օրը հաղորդումներ եղան կեղծիքների, կրկնակի քվեարկության, թափանցիկության, հաշվարկի եւ հրապարակման հետ կապված խնդիրների մասին»:

Նույն` ընտրություններին վերաբերող բաժնում հեղինակավոր կազմակերպությունը հիշեցնում է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հասցեին հնչեցրած հրապարակային մեղադրանքները: Ռոբերտ Քոչարյանը «Օրինաց երկիր»-֊ի նախագահին մեղադրեց դավաճանության մեջ` հիմնվելով փետրվարին Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի միջեւ տեղի ունեցած հանդիպման գաղտնի ձայնագրության վրա, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, Բաղդասարյանը բողոքել է, թե իշխանությունները քայլեր են ձեռնարկում խորհրդարանական ընտրությունները կեղծելու համար եւ հարցրել է, թե արդյո՞ք Եվրամիությունը կարձագանքի:

Իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է նաեւ, որ աշնանը ոստիկանությունը ձերբակալել է առաջին նախագահ Լեւոն Տեր֊-Պետրոսյանի հանրահավաքի մասին իրազեկող ակտիվիստներին:

«Թեեւ խումբը ազատ արձակվեց, այնուամենայնիվ, նրանցից հինգը հետագայում մեղադրվեցին ոստիկանությանը վիրավորելու համար», - ընդգծում է Human Rights Watch-֊ը:

Նույն բաժնում հիշատակվում է նաեւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության երիտասարդական թեւի ակտիվիստ Նարեկ Գալստյանի ծեծը: Այս միջադեպից երկու օր առաջ ոստիկանությունը կարճաժամկետ կալանքի էր ենթարկել Նարեկ Գալստյանին եւ այլ ընդդիմադիր երիտասարդների` վարչապետ, նախագահության թեկնածու Սերժ Սարգսյանին քննադատող թռուցիկներ փակցնելու համար:

Զեկույցը անդրադառնում է նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից նախագահության թեկնածուներին անհավասարաչափ լուսաբանելու վերաբերյալ մտահոգություններին եւ մեջբերում Երեւանի մամուլի ակումբի ու ԹԻՄ հետազոտական կենտրոնի նոյեմբերյան ուսումնասիրության եզրակացությունը, որի համաձայն` 8 առաջատար հեռուստաընկերությունների եթերում վարչապետ Սերժ Սարգսյանը անհամեմատ ավելի դրական լուսաբանման է արժանացել, քան ընդդիմադիր թեկնածուները:

«Նոյեմբերի 12-ին Հարկային պետական ծառայությունը Գյումրիում գործող ԳԱԼԱ անկախ հեռուստաընկերությանը մեղադրեց հարկերից խուսափելու մեջ: Հեռուստաընկերության ղեկավարությունը, սակայն, համոզված է, որ հարկային եւ այլ մարմինների կողմից կիրառվող ճնշումները գալիս են իշխանություններից` ի պատասխան Lեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերյան ելույթի հեռարձակման, որի ընթացքում նախկին նախագահը կառավարությունը բնորոշեց «կոռումպացված եւ մաֆիոզ», - գրում է Human Rights Watch-֊ը:

Ենթադրաբար քաղաքական նկատառումներով կատարված ձերբակալությունների բաժնում կազմակերպությունը անդրադառնում է Հայաստանի նախկին արտգործնախարար, ներկայումս «Քաղաքացիական անհամաձայնություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանի կալանավորմանը, որը մեղադրվում էր փողերի լվացման մեջ:

Հաջորդ բաժնում միջազգային փորձագետներն արձանագրում են. - «Ոստիկանական բաժանմունքում Lեւոն Գուլյանի մահը ուժեղացրեց կասկածյալների եւ ականատեսների նկատմամբ շարունակվող բռնությունների եւ վատ վերաբերմունքի մասին մտահոգությունները»:

Տեղական իրավապաշտպան կազմակերպություններն ու լրատվամիջոցները հաղորդում են, որ բռնության են ենթարկվել նաեւ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով անցնող վկաները:

Մամուլի ազատությանը վերաբերող բաժնում միջազգային կազմակերպությունն արձանագրում է, որ 2007 թվականին Հայաստանի հանրային ռադիոն դադարեցրեց Հայաստանում մեծ լսարան ունեցող «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը, չնայած հուլիսի 3-ին խորհրդարանը չընդունեց համապատասխան օրենսդրական փոփոխությունները:

«Lրագրողները շարունակում են ենթարկվել սպառնալիքների, ճնշումների ու քրեական մեղադրանքների», - արձանագրում է կազմակերպությունը` որպես օրինակ մեջբերելով «Իսկական իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի դաժան ծեծի, «Ֆուտբոլ պլյուս» թերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի, Panorama.am կայքի խմբագիր Արա Սաղաթելյանի ավտոմեքենաների այրման փաստերը:

Կրոնի ազատությանը վերաբերող բաժնում իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրում է, որ առնվազն 80 Եհովայի վկաներ գտնվում են բանտում` զինվորական ծառայությունից խուսափելու համար:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG