Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությանը մտահոգում է «բավարար վստահության պակասը»


Երեւանում եռօրյա հանդիպումների արդյունքում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական դիտորդական առաքելության անդամները այսօր իրենց մտահոգությունը հնչեցրեցին ընտրական գործընթացների հանդեպ բավարար վստահության պակասից եւ իշխանություններին առաջարկեցին անպայման բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել վստահության վերականգնման համար՝ մասնավորապես քվեարկության գաղտնիության ու քվեների հաշվարկի թափանցիկության:

Հայաստանի Ազգային ժողովում հրավիրած ասուլիսում պատվիրակության ղեկավար, բրիտանացի Ջոն Փրեսքոթը նաեւ հայտնեց, որ, ընդհանուր առմամբ, կիսում են ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության՝ երեկ հրապարակած առաջին միջանկյալ զեկույցում արված արձանագրումներն ու ափոսոսանք փոխանցեց, որ մինչ պաշտոնական քարոզարշավն ընկած փուլում հեռարձակող լրատվամիջոցների մեծ մասի լուսաբանումները հստակորեն անհամաչափ են եղել:

Իրենց հայտնել են, որ այդ անարդարացիությանը հատկապես նրանից է, որ նախագահի թեկնածու վարչապետը կարող է համատեղել պաշտոնն ու կարգավիճակը: Պատվիրակությունը ոչ միայն Սահմանդրական դատարանի նախագահի, այլեւ Հանրապետության նախագահի ու Ազգային Ժողովի նախագահի հետ հանդիպումներում հարցրել է այդ մասին ու այսօր ասաց, որ Հայաստանի Սահմանադրությունը դա թույլ է տալիս: Նա հավելեց, որ իրենք այդ նորմը չեն քննադատում:

«Դա մեր խնդիրը չէ, ձեր խնդիրն է», - ասաց Փրեսքոթը եւ պարզաբանեց, որ իրենց մտահոգողը սոսկ լուսաբանման հավասարաչափության հարցն է:

Ընտրախախտումների առիթով հարուցված քրեական գործերը, ըստ նրա, իրենց խնդիրների շրջանակից դուրս են:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում եռյակ ղեկավարների (նախագահ, նախագահի տեղակալ, քարտուղար) ոչ հավասարակշիռ կազմն է նաեւ մտահոգության տեղիք տալիս:

Առաքելության ներկայացուցիչները ինը թեկնածուներից ութի հետ են հանդիպել: Նրանք չկամեցան հրապարակել իններորդի անունը, որի հետ հանդիպել չի ստացվել. նրա անունը եղել է հրավիրյալների ցուցակում, բայց չի եկել հանդիպմանը:

Հանդիպմանը չէր գնացել, ինչպես ինքն ասաց «Ազատություն» ռադիոկայանին, «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը:

«Հարկ է, որ ոչ թե նախագահի թեկնածուն գնա դիտորդների մոտ, այլ դիտորդները՝ թեկնածուի, եթե հարցեր ունեն: Դա ես անձնավորված չեմ ասում, երեւույթն է այդպես», - բացատրեց Գեղամյանը:

Պատվիրակությունը, որի կազմում է նաեւ Հայաստանում համապետական մի քանի ընտրություններում ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունը ղեկավարած Ռասել Ջոնսթոնը, այսօր կմեկնի Երեւանից ու կվերադառնա փետրվարի 17-֊ին` 30 հոգանոց առաքելությամբ:

Ընտրությունների առիթով նախնական զեկույցը կհրապարակի քվեարկության հաջորդ օրը հրավիրելիք ասուլիսում, իսկ վերջնական զեկույցը՝ մոտ երկու ամիս անց:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG