Մատչելիության հղումներ

Թուրքիայում պատրաստվում են վերացնել կրթական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը


Առաջիկա օրերին Թուրքիայի խորհրդարան կներկայացվի մի օրինագիծ, որի ընդունմամբ փոփոխության կենթարկվի թուրքական հանրապետության Սահմանադրության հիմնարար դրույթներից մեկը: Երկրի առաջատար երկու քաղաքական ուժերը` իշխող իսլամիստները եւ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությունը շաբաթվա սկզբին պայմանավորվել են` հանդես գալ սահմանադրական փոփոխությունների համատեղ փաթեթով, որի հաստատման դեպքում գլխաշոր կրող հավատացյալ կանայք հնարավորություն կստանան մուտք գործել միջնակարգ եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների տարածք:

Գլխաշորով կրթական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքը Թուրքիայում սահմանվել է դեռ նախորդ դարի 20-ական թվականներին` հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի կողմից: Այդ արգելքի պատճառով հավատացյալ ընտանիքներից սերող բազմաթիվ թուրք աղջիկներ պարզապես հրաժարվում են ուսում ստանալու գաղափարից:

Երկարատեւ բանակցություններից հետո Թուրքիայի խորհրդարանում մեծամասնություն ունեցող երկու կուսակցությունները կարողացան հարցի լուծման փոխզիջումային տարբերակ գտնել: Շրջանառվող նախագծի համաձայն` հավատացյալ աշակերտուհիներն ու ուսանողուհիները կկարողանան գլխաշորով մուտք գործել ուսումնական հաստատությունների տարածք` առանց որեւէ արգելքի: Սակայն ուսանողների դեմքը չպետք է ծածկված լինի, ուստի չադրաներն ու իսլամական աշխարհում տարածված կանացի մյուս զգեստները շարունակելու են արգելքի տակ մնալ թուրքական բոլոր դպրոցներում ու համալսարաններում:

Բացատրելով այս քայլի անհրաժեշտությունը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է. - «Մենք կարեւոր քայլի ենք դիմում: Մեր միակ նպատակը կանանց իրավունքների ոտնահարմանը վերջ տալն է»:

Խորհրդարանում ներկայացված կուսակցություններից միայն Ժողովրդական-հանրապետական կուսակցությունն է, որը կտրականապես դեմ է հանդես եկել այս նախաձեռնությանը: Կուսակցության ներկայացուցիչները հիշեցրել են խորհրդարանական մեծամասնությանը, որ ուսումնական հաստատություններում գլխաշոր կրելու արգելքի վերացումը հակասում է թուրքական պետության աշխարհիկ բնույթին, որը ամրագրված է երկրի Սահմանադրության տեքստի հենց սկզբում:

Մինչդեռ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը հայտարարել է, թե կառավարության հաջորդ քայլով` գլխաշոր կրող կանանց թույլ է տրվելու մուտք գործել պետական հիմնարկներ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG