Մատչելիության հղումներ

Սենատի հանձնաժողովի նախագահը պաշտպանում է Հայոց ցեղասպանության բանաձեւը


ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը օրերս ստորագրություն է տվել ի պաշտպանություն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման:

Թիվ 106 բանաձեւի նախագիծը անցած տարվա մարտին ամերիկյան խորհրդարանի վերին պալատին ներկայացրել են Սենատում դեմոկրատական մեծամասնության ղեկավարի տեղակալ Ռիչարդ Դերբինը եւ հանրապետական սենատոր Ջոն Էնսայնը: Օրինագիծը իրենց ստորագրություններով պաշտպանել են երեք տասնյակ սենատորներ, այդ թվում Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը:

Անցած շաբաթավերջին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման օգտին է արտահայտվել նաեւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության մյուս առաջատար թեկնածուն` Բարաք Օբաման, ով Կոնգրեսի զույգ պալատներին համապատասխան բանաձեւերն ընդունելու կոչ է արել եւ խոստացել նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը:

Ամերիկայի հայկական համագումարը եւ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ողջունել են ազդեցիկ սենատորների աջակցությունը բանաձեւին:

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը անցած տարվա հոկտեմբերին հավանություն տվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին, ինչից հետո նախագիծը պալատի լիագումար նիստին դեռեւս չի ներկայացվել` հիմնականում, պաշտոնական Անկարայի եւ Բուշի վարչակազմի բուռն հակազդեցության պատճառով:


(Լուսանկարում` Ջոզեֆ Բայդենը (ձախից) Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG