Մատչելիության հղումներ

Աննա Մելիքյանի «Ջրահարսը» կցուցադրվի Սանդանսի միջազգային կինոփառատոնում


Այսօր Սանդանսի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի մոսկվացի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Ջրահարսը» ֆիլմը: Ֆիլմի պրոդյուսերը Մելիքյանի ամուսինն է` մոսկովյան ամենախոշոր կինոկորպորացիաներից մեկի "Central Partnership"-ի ղեկավար Ռուբեն Դիշդիշյանը:

«Ջրահարսը» ժամանակակից ռուսական կինոյի երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` 32-ամյա Աննա Մելիքյանի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է:

Մելիքյանը, ով ծնունդով Բաքվից է, մի քանի տարի ապրել է Երեւանում, հետագայում ավարտել է Կինոյի համառուսաստանյան ինստիտուտը:

Նա լուրջ հաջողություն է որակում այն հանգամանքը, որ իր ֆիլմը հայտնվել է Սանդանսի փառատոնի մրցութային ծրագրում:

Սանդանսի փառատոնը, որի հիմնադիրն է աշխարհահռչակ ամերիկացի դերասան Ռոբերտ Ռեդֆորդը, համարվում է հեղինակային կինոյի` Միացյալ Նահանգներում գործող ամենալուրջ եւ ճանաչված փառատոնը:

Քննադատները «Ջրահարսը» ֆիլմը բնութագրում են որպես մելոդրամայի եւ կատակերգության յուրատեսակ խառնուրդ: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են երիտասարդ մոսկվացի դերասաններ Մարիա Շալաեւան եւ Եվգենի Ցիգանովը: Վերջինս մարմնավորել է հաջողակ գործարարի կերպարը, ով զբաղված է ռուս մեծահարուստներին Lուսնի վրա հողակտորներ վաճառելով:

Աննա Մելիքյանը հույս ունի, որ հեղինակավոր փառատոնում ֆիլմի ցուցադրումը հետաքրքրություն կառաջացնի ամերիկացի պրոդյուսերների մոտ: «Չի բացառվում, որ պայմանագիր կնքվի ամերիկյան կինոթատրոններում ֆիլմը ցուցադրելու վերաբերյալ», - նշել է նա:

Փետրվարի սկզբին «Ջրահարսը» կներկայացվի նաեւ Բեռլինի միջազգային կինոփառատոնում: Այստեղ, սակայն, հայազգի ռեժիսորի ֆիլմն ընդգրկված է արտամրցութային ծրագրում:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG