Մատչելիության հղումներ

ԵԽ ԽՎ-ն պատրաստ է քննարկել Վասիլի Ալեքսանյանի հարցը


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է քննարկել ՅՈւԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի հարցը եւ անհրաժեշտության դեպքում ճնշում գործադրել Ռուսաստանի վրա:

«էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Վեհաժողովի նորընտիր նախագահ Lյուիս Մարիա դե Պուչը հայտարարել է, որ եթե մի քանի խորհրդարանականներ հանդես գան նման նախաձեռնությամբ, ապա նստաշրջանում կքննարկվի այդ հարցը եւ կընդունվի համապատասխան որոշում:

ՅՈւԿՕՍ-ի սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու դեմ հարուցված գործի շրջանակներում փողերի լվացման եւ գույքի յուրացման մեղադրանքներով 2006 թվականի մարտից կալանավորված Վասիլի Ալեքսանյանը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, ըստ դատախազ Վլադիմիր Խոմուտովսկու` ՁԻԱՀ-ով: Նա գրեթե կուրացել է եւ անհապաղ բժշկական օգնության կարիք ունի:

Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, համաձայն որի` Ալեքսանյանը պետք է շտապ բուժում անցնի մասնագիտացված կլինիկայում, ռուսաստանյան իշխանությունները շարունակում են Ալեքսանյանին պահել կալանքի տակ:

«Նրա վիճակը այնքան ծանր է, որ նա կարող է մահանալ ցանկացած պահի», - ասել է Ալեքսանյանի փաստաբան Ելենա Լվովան:

Իսկ Եվրոպական դատարանում Ալեքսանյանի գործով փաստաբան Դրյու Հոլիները հայտարարել է. - «Ռուսաստանյան իշխանությունների ներկայիս պահվածքը կարող է որակվել միայն որպես ցնցող-արգահատելի: Եթե նա մահանա, Եվրոպական դատարանը դրա համար պատասխանատու կհամարի Ռուսաստանին»:

Այդուհանդերձ, հունվարի 22-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժեց Ալեքսանյանի խափանման միջոցը փոխելու` փաստաբանների միջնորդությունը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG