Մատչելիության հղումներ

Միխայիլ Կասյանովին գրանցելու հարցը Ռուսաստանի ԿԸՀ-ն կորոշի հունվարի 27-ին


Ռուսաստանի նախագահական ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի գրանցման հարցը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշելու է հունվարի 27-ին: Հանձնաժողովն արդեն հայտարարել է, թե ստուգումների արդյունքում անօրինական է ճանաչվել Կասյանովի թեկնածության առաջադրումը պաշտպանող 400 հազար ստորագրությունների 15 տոկոսը, այնինչ սխալների թույլատրելի սահմանագիծը 5 տոկոս է:

Միխայիլ Կասյանովը հայտարարել է, թե իր թեկնածությունը չգրանցելը քաղաքական բնույթ կկրի: Նա նաեւ գլխավոր դատախազությունից պահանջել է հետաքննել իր կողմնակիցների վրա ճնշումների փաստերը:

«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նախկին վարչապետն ասել է, թե իրենց ամբողջ գործունեությունը տհաճ է իշխանավորների համար, քանի որ ճշմարտությունն են ասում: Այդ իսկ պատճառով, զանգվածային լրատվամիջոցները իրենց համար փակ են` բացի «Ազատություն» եւ «Էխո Մոսկվի» ռադիոկայաններից, ոչ մի հեռուստաընկերություն իրենց եթեր չի տալիս. - «Մեկ-երկու թերթ, երկու ինտերնետային կայք` ահա բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով քաղաքացիները լսում են մեզ»:

«Իշխանությունը այս բոլոր տարիներին հետապնդել է մեզ, հետեւաբար` սա մեզ համար շատ զարմանալի չէ», - ընդգծել է Կասյանովը:

Անդրադառնալով իր գրանցման հարցին` նախկին վարչապետն ասել է. - «Իհարկե, անկախ թեկնածուի գրանցումը քաղաքական կարեւոր իրադարձություն է: Կարեւոր իրադարձությունների հետ կապված որոշումն էլ ընդունում է իշխանական բուրգի գագաթը: Եվ մենք գիտենք` գագաթին այսօր Պուտինն է»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG