Մատչելիության հղումներ

Այսօր սկսվում է Դավոսի տնտեսական համաժողովը


Այսօր Դավոսում կմեկնարկի հերթական` 37-րդ միջազգային տնտեսական համաժողովը, որին մասնակցելու համար Ալպյան լեռներում գտնվող շվեյցարական այս հանգստավայր են ժամանել մոտ 200 պետական գործիչներ եւ խոշոր բիզնեսի 1000-ից ավելի ազդեցիկ ներկայացուցիչներ:

Ինչպես եւ ամեն տարի, այս անգամ էլ աշխարհի ամենահեղինակավոր տնտեսական այս ֆորումի մեկնարկը կազդարարի դրա հիմնադիրը` շվեյցարացի հայտնի տնտեսագետ, Ժնեւի համալսարանի պրոֆեսոր Կլաուս Շվաբը:

Հնգօրյա քննարկումների մասնակիցները կանդրադառնան հրատապ տնտեսական ու քաղաքական խնդիրների:

Դեռ մի քանի օր առաջ Դավոսի համաժողովի կազմակերպիչները հրապարակել են մասնակիցների ցանկը, որոնց թվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները: Ռուսաստանյան պատվիրակությունը կղեկավարեն կառավարության երկու ազդեցիկ անդամներ` ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը եւ տնտեսական զարգացման նախարար Էլվիրա Նաբիուլինան: Ներկա կլինեն նաեւ պաշտոնաթող պետական գործիչներ, այդ թվում` Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին եւ Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը:

Դավոսի համաժողովին այս տարի էլ կմասնակցեն համաշխարհային բիզնեսի առաջատարները` մասնավորապես, Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը, մեդիա մագնատ Ռուպերտ Մերդոքը, Google ընկերության հիմնադիրներից Սերգեյ Բրինը, ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսը:

Ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներից Դավոսում են նավթային «LուկՕյլ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Վագիթ Ալեքպերովը, ՌԱՕ «ԵԷՍ» էներգետիկ ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը, «ԱրմենՏել»-ի սեփականատեր հանդիսացող «Վիմպելկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը:

Վերլուծաբանների կարծիքով, այսօր մեկնարկող դավոսյան քննարկումների հիմնական թեման լինելու է համաշխարհային ֆինանսական շուկաներում ստեղծված կացությունը եւ վերջին ցնցումները, որ արձանագրվեցին առաջատար բորսաներում:

Դավոսյան համաժողովի հիմնադիր Կլաուս Շվաբի գնահատմամբ` առաջիկա օրերին հիմնական քննարկումները ընթանալու են այն բոլոր մարտահրավերների շուրջ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում. - «Խոսելու ենք, մասնավորապես, համաշխարհային շուկայում առկա սղաճի միտումների մասին: Չենք շրջանցի նաեւ այն հանգամանքը, որ ավելի ու ավելի մեծ ֆինանսական միջոցներ են ուղղվում էներգակիրներ սպառող պետություններից դեպի նավթ ու գազ արտահանող երկրներ»:

Այսպիսով, ըստ մասնագետների, Դավոսի համաժողովի մասնակիցները առաջիկա 5 օրերին փորձելու են ուղիներ նախանշել` գլոբալ տնտեսական լճացումից խուսափելու համար: Այս ամենի ֆոնին որոշակիորեն կստվերվեն քաղաքական խնդիրները, չնայած Դավոսի համաժողովը երբեք չի սահմանափակվել զուտ տնտեսական թեմաների արծարծմամբ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG