Մատչելիության հղումներ

Իտալական գյուղը կդառնա ավստրիակա՞ն


Իտալիայի հյուսիսում` Ալպյան լեռնային շրջանում գտնվող Սան Պիետրո դի Կադորե գյուղի բնակիչները շատ դժգոհ են Հռոմից եւ սպառնում են միանալ հարեւան Ավստրիային:

Գյուղապետ Սիլվանո Սկալան հայտարարել է, որ մայրաքաղաքը բացարձակապես ուշադրություն չի դարձնում գյուղի խնդիրների վրա եւ անպատասխան է թողնում գյուղից ստացած դիմումներն ու խնդրանքները:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Սկալան ասել է, որ գյուղը կարող է հանրաքվեով դուրս գալ Իտալիայի կազմից եւ միավորվել Ավստրիային. - «Սան Պիետրո դի Կադորեն առանձնատարածք է, շրջաններին չի սահմանակցում, ուստի, հիմա մեր մարդիկ ասում են՝ «Ինչո՞ւ չմիանանք Ավստրիային, որտեղ մեր հանդեպ հաստատ ավելի հոգատար կլինեն»: Ես, իհարկե, չեմ կարող սատարել անջատողական գաղափարներին, սակայն ասել եմ համագյուղացիներիս, որ եթե նրանք ցանկանան միանալ Ավստրիային, ես նրանց ճանապարհին չեմ կանգնի»:

Սան Պիետրո դի Կադորեից մինչեւ Ավստրիայի սահման 60 կիլոմետր է:

«Գերմաներեն չգիտե՞նք, հետո՞ ինչ, սա մեր ամենաբարդ խնդիրը չէ: Սան Պիետրո դի Կադորեն Վենետոյի շրջանի մաս է կազմում, սակայն ոչ Հռոմը եւ ոչ էլ շրջանային կենտրոն Վենետոն մեր գյուղին չեն օգնում, մարդիկ երազում են ազատվել Հռոմից էլ, Վենետոյից էլ, Իտալիայից էլ: Մեր բնակիչները հուսալքված են, Իտալիայի լեռնային շրջանների գյուղերը անտեսված են պետության կողմից», - հայտարարել է Սկալան:

Ավստրիայի պետական պաշտոնյաները գերադասում են չխոսել Սան Պիետրո դի Կադորե գյուղի ճակատագրի մասին: Վիեննայի համալսարանի իրավաբանության բաժնի մասնագետ Բերնդ-Քրիստիան Ֆունկն ասել է, որ «գյուղի դուրս գալն Իտալիայի կազմից եւ Ավստրիային միանալը տեսականորեն հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ պահպանվեն Իտալիայի բոլոր օրենքները եւ լրամշակվի Ավստրիայի Սահմանադրությունը»:

«Մենք այս հարցի շուրջ չենք խոսել ավստրիացի քաղաքական գործիչների հետ, մենք հասկանում ենք, որ սա շատ զգայուն թեմա է», - ասել է գյուղապետ Սկալան:

Պաշտոնական Հռոմից նշված հարցի վերաբերյալ որեւէ մեկնաբանություն այսօրվա դրությամբ չի արվել:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG