Մատչելիության հղումներ

Արման Մելիքյանը դիմելու է Սահմանադրական դատարան


Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում դիմելու է Սահմանադրական դատարան, վիճարկելով արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու իրավունք չունենալու հարցը:

«Ես դա համարում եմ ոչ միայն ընտրողների, այլեւ իմ՝ որպես նախագահի թեկնածուի, իրավունքների ոտնահարում», -֊ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական, դրանից առաջ՝ Ղարաբաղի արտգործնախարար, այժմ` Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը:

Սահմանադրական դատարան դիմումը նախապատրաստվում է այժմ, եւ Արման Մելիքյանն առայժմ ձեռնպահ մնաց մասնավորեցնելուց, թե Ընտրական օրենսգրքի տվյալ դրույթի` Սահմանադրության որ նորմերի հետ անհամապատասխանությունն է վիճարկելու:

Նախկինում Հայաստանի քաղաքացիներն ընտրության իրավունք եւ հնարավորություն ունեին նաեւ արտերկրում գտնվելիս: Ընտրական օրենսգրքի 2007 թվականի փոփոխություններից հետո արտերկրում քվեարկություն կազմակերպելու հնարավորությունը հանվեց օրենսգրքում այսպիսի լրացմամբ` «Հայաստանի Հանրապետությունում ընտրություններն անցկացվում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում», եւ արգելքով, որ ընտրատեղամասային կենտրոններ չեն կազմավորվում արտասահմանում Հայաստանի դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում:

Մելիքյանը ակնկալում է, որ Սահմանադրական դատարանում «ամեն ինչ պիտի կատարվի օրենքի շրջանակներում». - «Եվ սա իրավաբանական խնդիր է, թեեւ շատ հստակ բարոյական շեշտադրումներ ունի»:

Ազգային ժողովի 2007 թվականի ընտրությունների ժամանակ այս դրույթն արդեն գործում էր:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG