Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության տարածած հայտարարությանը, թե կուսակցությունը նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու մասին վճիռ կկայացնի ավելի ուշ, գրում է. - «Այստեղ կարող ենք հավելել միայն, որ նման հայտարարություններով «Ժառանգություն» կուսակցությունը փորձում է խուսանավել «ում է պաշտպանելու այս ընտրություններում» հարցից»: «Եվ, փաստորեն, պարզ է, որ «Ժառանգություն»-ը մինչեւ առաջին փուլը (եթե այդպիսին, իհարկե, լինի) չի միավորվի քաղաքական որեւիցե թեկնածուի եւ անընդհատ նորանոր պահանջներ կառաջադրի», - եզրակացնում է թերթը:

«Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, նախագահի թեկնածուների մեկնարկած քարոզարշավի յուրահատկությունները դիտարկելով, արձանագրել է. - «Ներկա պայմաններում ոչ մի քաղաքական ուժ կամ թեկնածու այնքան շահագրգռված չէ նախընտրական քարոզարշավի հանգիստ ու քաղաքակիրթ անցկացման հարցում, որքան իշխանությունն ու նրա թեկնածուն։ Ուստի նրանք ամեն ինչ անելու են՝ «խաղի կանոնները» պահպանելու եւ «գոտկատեղից ցածր» հարվածներ տալու մարտավարությունից խուսափելու համար»։ «Եվ ընդհակառակը», - շարունակել է մեկնաբանը, - «նախագահի այն ընդդիմադիր թեկնածուները, որոնք չունեն քաղաքակիրթ ընտրապայքարում հաղթելու որեւէ հնարավորություն, փորձելու են դիմել «ոչ ավանդական» քայլերի»։ «Նկատի ունենք ընտրապայքարի «գրոհային մեթոդների» կիրառումը, որի վկայությունն է այսօրվանից արդեն իր հաղթանակի մասին ազդարարող Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարությունը», - հասցեագրել-ամփոփել է մեկնաբանը։

«168 ժամ»-ի հարցազրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը ասել է, որ թեեւ Հանրայինով քարոզչության երկօրյա հետաձգումը պայմանավորվել է տեխնիկական խնդիրներով, «սակայն ակհնայտ է, որ եւս երկու օր Հանրայինի եթերը փակ պահելը քաղաքական նպատակներ է հետապնդում»: «Երեկ, սակայն, ընդդիմության այս մեկնաբանության առիթով Հ1-ից թերթին պատասխանել են, որ «հեռուստաընկերությունում անցկացվող ամենամսյա պրոֆիլակտիկ աշխատանքները, որոնք իրականացրել են նաեւ երեկ, քաղաքական որեւէ նպատակ չի հետապնդում, քանի որ իրենք այդ աշխատանքներն ավելի վաղ էին ավարտել, քան ԿԸՀ-ի սահմանած եթերաժամն է»։ «Պարզապես, ըստ նրանց, գոյություն ունի ԿԸՀ-ի որոշում, ըստ որի՝ Հ1-ը թեկնածուներին պետք է եթե տրամադրի հունվարի 23-ից սկսած», - փոխանցել է թերթը։

«Առավոտ» օրաթերթի հարցազրույցում հակադարձելով նախագահի՝ ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանի օրերս արտահայտած այն մտքին, թե «գուցե հենց Հանրապետականը պետք է մտածի ընդդիմություն դառնալու մասին», հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը ասել է. - «Ուզում եմ իմ կողմից շատ հարգված պարոն Հովհաննիսյանին հիշեցնել ՀՀ Սահմանադրությունը, ըստ որի` խորհրդարանական մեծամասնությունը չի կարող դառնալ ընդդիմություն, եւ մեզ նման բան առաջարկել առնվազն չի կարելի, որովհետեւ ընդդիմություն դառնում է փոքրամասնություն ունեցող քաղաքական ուժը, իսկ խորհրդարանում, անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, «Հանրապետական»-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը միասին կազմում են ճնշող մեծամասնություն»: «Կարծում եմ, ամենաանհավանական սցենարի պարագայում, ընդունենք, եթե հաղթի պարոն Հովհաննիսյանը, ինքն է լինելու ընդդիմություն` խորհրդարանին եւ կառավարությանը», - հավելել է հանրապետական գործիչը։

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ` Երեւանի Շենգավիթ համայնքի բազմաթիվ բնակիչներ ահազանգում են, որ իրենց թաղապետ Սարգիս Հովհաննիսյանի հանձնարարությամբ համայնքի համատիրության աշխատակիցները համայնքում անձնագրահավաք են սկսել: Մասնավորապես, վերջիններս Շենգավիթի բնակիչներին յուրաքանչյուր անձնագրի դիմաց առաջարկում են կամ` 5-հազարական դրամ, կամ էլ` փոխհատուցել կոմունալ վճարումները»: Թերթը սակայն, ոչ մի բնակչի անուն կամ հասցե չի վկայակոչել։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG