Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Ռուսաստանյան կապիտալի համար Հայաստանը շատ հարմարավետ վայր է»


Երեւանում երեկ կայացավ Հայ-ռուսական գործարար ֆորումը, որը բացեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, հայ-ռուսական փոխգործակցությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներն այսօր ավելի քան տպավորիչ են, եւ ընդհանրապես ռուսական կապիտալի համար Հայաստանը շատ հարմարավետ վայր է:

«Հայաստանի անկախացումից մինչեւ 2007 թվականի հոկտեմբեր Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում է մոտ 1 միլիարդ դոլար կամ բոլոր արտասահմանյան ներդրումների 1/3-ը: Մինչեւ նախորդ տարի ռուսական մասնակցությամբ ընկերությունների թիվը Հայաստանում անցնում է 800-ը», - ասաց վարչապետը` վստահեցնելով, որ Հայաստանի ոչ մեծ տնտեսության համար դա շատ լուրջ թիվ է:

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի փոխանցմամբ, նոր փուլում է ատոմային էներգիայի ոլորտում փոխգործակցությունը:

«Ռուսաստանյան կողմը պատրաստ է լուրջ ներդրումներ անել Հայաստանում ուրանի պաշարների որոնման եւ արտադրական մշակման աշխատանքներում` նպաստելով գործող ատոմակայանի պաշարների ավելացմանն ու նոր էներգաբլոկի կառուցմանը», - ասաց Լեւիտինը:

Բացի այդ, ըստ Լեւիտինի, հայ մասնագետները կարող են մասնակցել Օլիմպիական խաղերի անցկացման նպատակով Սոչիում հյուրանոցների, մարզահամալիրների կառուցման համար նախատեսված մրցույթներին: Նախարարը վստահություն հայտնեց, որ Սոչիում կարող է մրցակցային լինել նաեւ հայաստանյան շինանյութը:

Համաժողովի ընթացքում եղավ նաեւ առաջարկ Հայաստանում արտադրել ռուսաստանյան «Լադա» ընկերության ավտոմեքենաներ:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ հատկապես այս օրերին անցկացվեց համաժողովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատասխանեց. - «Մենք խոսում ենք արդյունավետության մասին, ուրեմն պետք է սկսենք տարվա սկզբին: Այսօր ճիշտ ժամանակն է, որ մենք սկսենք եւ աշխատենք»:

Արա Աբրահամյանը մտահոգություն հայտնեց նաեւ, թե այսօր Հայաստանը ներդրումների ոլորտում օգտագործում է Սփյուռքի ներուժի հազիվ մեկ տոկոսը:

Համաժողովի մասնակիցների պատվիրակությանը երկուշաբթի օրը ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, Ռոբերտ Քոչարյանը ողջունել է նման միջոցառման անցկացումը` նշելով, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են հայ-ռուսական համագործակցության լոկոմոտիվը, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ճյուղերում, եւ ակնկալվում է, որ այդ ներգրավվածությունն առավել կընդլայնվի:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG