Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Որքան հնարավոր է, ես կարողացել եմ իմաստավորել անցյալը»


Հայաստանի նախկին նախագահ, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնարկած քարոզարշավի առաջին օրը ընտրողների հետ հանդիպումներ ունեցավ Շիրակի եւ Արագածոտնի մարզի մի քանի բնակավայրերում:

Հայաստանի առաջին նախագահի նախընտրական կարգախոսն է` «Իմաստավորելով անցյալը` դեպի ապագա»:

«Ես գիտեմ. իմ իշխանության օրոք, իմ նախագահության օրոք ես չեմ արդարացրել ձեր բոլոր հույսերը, եղել են հիասթափություններ, եղել են դժգոհություններ, եղել են շատ ճիշտ քննադատություններ: Ես այդ ամենը ընդունում եմ եւ, եթե դուք կարծում եմ, որ այդտեղ ես մեղք ունեմ, ես ներողություն եմ խնդրում իմ մեղքի համար», - Արթիկի բազմամարդ հրապարակում ասաց Տեր-Պետրոսյանը:

«Եթե գոհ եք այսօրվա իշխանություններից` Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, քվեարկեք նրանց իշխանության եւս տասը տարվա շարունակության օգտին», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը: - «Որքան հնարավոր է, ես կարողացել եմ իմաստավորել անցյալը: Սա այն է, ինչ ես կարող եմ, ավելին չեմ կարող անել: Դուք եք որոշողը... Ես չեմ եկել ձայն խնդրելու, ձայն մուրալու: Որովհետեւ դա Սերժի գործն է. նա Հայաստանում ձայն չունի»:

Ապարանում, որտեղ ընտրողների հետ հանդիպումը կայացավ վարչապետ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի դիմաց, Լեւոն Տեր-Պետրոսյանը ասաց. - «Փետրվարի 19-ին ոչ թե ես եմ հաղթելու, այլ դո’ւք եք հաղթելու»:

Հանդիպումներին մասնակցում էր նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Բացատրելով, թե ինչու են իրենք պաշտպանում Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, Դեմիրճյանը ասաց. - «Որովհետեւ նա միակ թեկնածուն է, ում ծրագրում նշված է` պետք է պատժվեն «Հոկտեմբերի 27»-ի, ինչպես նաեւ մյուս բոլոր աղմկահարույց սպանությունների մեղավորները»:

Դեմիրճյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ միայն Տեր-Պետրոսյանի հաղթանակի դեպքում իրական պայքար կսկսվի կոռուպցիայի դեմ. - «Պայքարը պետք է սկսել իշխանական ամենաբարձր օղակներից, եւ մարդիկ կատարած հանցագործությունների համար պետք է պատասխան տան»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններում պայքարն ընթանալու երկու թեկնածուների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ:

«Լոզունգն էլ բերել են` «Առաջ, Հայաստան» [Սերժ Սարգսյանի նախընտրական կարգախոսը], ու սղոցում են բոլորիս ուղեղը` կեղծ հույսեր տալով, կեղծ խոստումներ տալով, փող բաժանելով, ստելով», - հանդիպումներից մեկի ժամանակ ասաց Արամ Սարգսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում հանդիպումներին եկած մարդկանցից շատերը Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն են: Քիչ չէին, սակայն, մարդիկ, որոնք ասացին, թե պարզապես եկել էին լսելու, դեռեւս չեն կողմնորոշվել: Եվ լսելու են բոլոր 9 թեկնածուներին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG