Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը «վերջնական վճիռը կկայացնի ավելի ուշ»


Անցած շաբաթավերջին Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցության վարչությունը որոշել է փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման վերաբերյալ վճիռը «կայացնել ավելի ուշ»:

«Սթափ մոտեցումը ցույց է տալիս, որ որեւէ մեկ ընդդիմադիր թեկնածու այսօր ինքնուրույն, առանձին վերցված չի կարող հաղթահարել այն բարիերները, որ ստեղծված են իշխանության կողմից իշխանափոխության ճանապարհին: Բնականաբար, պետք է ուժերի համատեղում... Պետք է ինչ-որ չափով կողքի դնել սեփական ամբիցիաների մի հատվածը գոնե եւ գնալ միավորման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով որոշումը, ասաց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

«Կոչ անել Վազգեն Մանուկյանին, Վահան Հովհաննիսյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին` հաղթական համատեղման նպատակով արտակարգ ու լիազոր վերանայում կատարել մեկնարկելիք նախընտրական պայքարի մարտավարության մեջ, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել այս նպատակի իրականացումը սպասարկելու համար», - ասված է վարչության որոշման մեջ: - «Վերոթվարկյալ թեկնածուներից նվազագույնը երկուսի միավորման անհրաժեշտության չկատարման դեպքում կուսակցության վերջնական վճիռը կայացնել ավելի ուշ»:

Պարզաբանելով, թե ինչու որոշման մեջ նշված չէ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի անունը, Խուրշուդյանը ասաց. - «Ակնհայտ է, որ Արտաշես Գեղամյանի քարոզչությունը, համեմայն դեպս, մինչեւ այսօր որ հնչել է, միտված չէ երկրում համակարգային փոփոխությունների իրականացմանը, այլ ավելի շատ ամրապնդում է հենց իշխանության դիրքերը»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG