Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով «Իզվեստիա» թերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցին` «Հայկական ժամանակ»-ը նախ հիշատակում է, որ այդ թերթը գտնվում է Կրեմլի վերահսկողության ներքո, ապա եզրահանգում. - «Ռուսաստանում մի տեսակ իդիլիական պատկերացում կար Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, եւ գործող իշխանությունները կարողացել էին այնպես անել, որ իրենց գործունեությունը ՌԴ-ում լուսաբանվի գովազդային լույսի ներքո: Վերջին իրադարձությունները եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ռուսական մամուլի ուշադրությունը գալիս են վկայելու, որ այս իրավիճակը մոտենում է իր ավարտին, եւ Ռուսաստանը վերանայում է Հայաստանի գործող իշխանություններին կուրորեն պաշտպանելու իր քաղաքականությունը»:

«Իրավունք» թերթի մեկնաբանը, Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացը ուրվագծելով, գնահատել է. - «Վերջին շրջանում բազմիցս նշվել է, որ հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներն առանձնապես հայաստանանպաստ չեն եւ գրեթե համարժեք են 1997 թվականին առաջարկվող կարգավորման փուլային տարբերակին, որն էլ ժամանակին դարձավ 1998 թվականի սկզբին Հայաստանում իրականացված իշխանափոխության անկյունաքարը»։ «Այն ժամանակ էլ Մոսկվան, թեկուզ քողարկված, բայց դեմ էր հանդես գալիս այդ լուծմանը», - գրել է մեկնաբանն ու հավելել. - «Հիմա, եթե Կրեմլը համաձայնություն տա ղարաբաղյան հակամարտության ոչ հայանպաստ որեւէ տարբերակի, դա, բնականաբար, չի կարող դրական ընկալվել դաշնակից Հայաստանի քաղաքական վերնախավի կողմից լայն իմաստով։ Իսկ նման շքեղություն Մոսկվան իրեն թույլ տալ չի կարող»։

«Հայկական ժամանակ»-ի խմբագրականը, պնդելով, որ Ռուսաստանը վերանայում է Հայաստանի գործող իշխանություններին կուրորեն պաշտպանելու քաղաքականությունը, ու դրանում մեծ է Լեւոն Տեր-Պետրոսյանի գործոնի ազդեցությունը, գնահատել է. - «Ըստ էության, ինչքան էլ Քոչարյան - Սարգսյան զույգը հպարտանա վերջին տասը տարիներին հայ-ռուսական հարաբերությունների զարգացմամբ, ակնհայտ է, որ այդ հարաբերությունների բովանդակությունը նրանց իշխանության տարիներին ոչնչով չի հարստացել, այլ ընդհակառակը՝ եղած բովանդակությունը դեֆորմացվել է՝ վերածվելով առուծախի առարկայի»։ Թերթի պնդմամբ, Ռուսաստանը «Հայաստանի իշխանությունների ընկալմամբ ոչ այնքան ռազմավարական գործընկեր է, որքան մի տեղ, որտեղից կարելի է ապրանքներ ներմուծել, կազինոներ դնել, ունենալ հովանավորյալ բիզնեսմեններ». - «Ինչ վերաբերվում է Ռուսաստանի իշխանություններին, վերջին տասը տարիներին նրանք Հայաստանում հնարավոր իշխանափոխությունը համարել են ռիսկային, քանի որ մտավախություն են ունեցել, թե նոր իշխանությունները Հայաստանը կուրորեն կտանեն դեպի Արեւմուտք»։

«1996-ի քաղաքական բումերանգը» վերնագրի տակ «Առավոտ»-ի նամակագիրը շեշտադրել է. - «Իր վերադարձի առաջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստացավ մեկիկ-մեկիկ անդրադառնալ իրեն ուղղված բոլոր մեղադրանքներին։ Թվարկվեցին տարբեր թեմաներ, սակայն, շրջանցվեցին 96-ի նախագահականին նախորդած եւ հաջորդած իրադարձությունների մեկնաբանությունները»։ «Բոլորիս հիշողության մեջ մնացել են տանկերը, Ազգային ժողովի տապալված դարպասները եւ «սամասուդի» ենթարկված խոսնակն ու փոխխոսնակը», - գրել է նամակագիրն ու հավելել. - «Ի վերջո, կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է պատասխան տա՝ որպես իշխանության անօրինական բռնազավթող, կամ Վազգեն Մանուկյանը՝ որպես հակասահմանադրական գործողությունների կազմակերպիչ»։

Վերլուծելով Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող քաղաքական ուժերի տարամետ գաղափարական կողմնորոշումները, «Իսկական իրավունքը» թերթի մեկնաբանը արձանագրել է. - «Ստացվում է, որ ՀՀ առաջին նախագահի ճամբարում գաղափարական առումով կատարյալ աջաբսանդալ է։ Եվ, բնականաբար, հարց է ծագում, թե ինչն է միավորում գաղափարապես այդ աստիճանի բազմազան գործիչներին ու կուսակցություններին, որոնք տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունեն ներքին եւ արտաքին քաղաքականության գործնականում բոլոր հարցերի շուրջ»։ «Պարզ է, որ բոլորին միավորողը «ընդդեմ» գաղափարն է, եւ չկա գաղափարական առումով «հանունը»։ Այսինքն, բացի իշխանություն վերցնելու ցանկությունից, այդտեղ ընդհանուր ոչինչ չկա եւ չի էլ կարող լինել»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Հայոց Աշխարհ» թերթին ասել է. - «Աշխարհում հայտնի նախագահական ծրագրերով եթե դատելու լինենք, ապա երկրի ապագա նախագահը կարող է ընդամենը մի հիմնական խնդիր դարձնել իր նախագահության թիրախը։ Դա կարող է լինել միայն սոցիալական ոլորտը, կարող է արտաքին քաղաքական խնդիր լինել։ Եթե ես լինեի նախագահի թեկնածու, իմ թիվ մեկ խնդիրը կդարձնեի ժողովրդագրական աղետի կանխարգելումը, ներգաղթի կազմակերպումը, որոնք պիտի ենթադրեին բազմաթիվ այլ հարցերի լուծումներ»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG