Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի հայտարարությունը մտահոգություն է առաջացրել Տեր-Պետրոսյանի շտաբում


Հայաստանի առաջին նախագահ, նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Հայաստանում գտնվող բոլոր դիտորդական խմբերին այսօր ուղարկվելիք նամակում ներկայացնելու է իր մտահոգությունները Երեւանի քաղաքապետարանի` երեկվա հայտարարության կապակցությամբ, որով բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպություններին եւ քաղաքացիներին կոչ է արվում «ձեռնպահ մնալ երթեր կազմակերպելու նախաձեռնություններից»:

«Հաշվի առնելով Երեւան քաղաքում փողոցների, խաչմերուկների եւ տրանսպորտային հանգույցների երթեւեկության խիստ ծանրաբեռնվածությունն ու եղանակային պայմանները, քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ տրանսպորտի անվտանգ եւ անխափան երթեւեկությունը ապահովելու, ինչպես նաեւ տրանսպորտային խցանումները բացառելու նպատակով, Երեւանի քաղաքապետարանը Երեւան քաղաքի կենտրոնական փողոցներում եւ հիմնական մայրուղիներում երթերի կազմակերպումը գտնում է ոչ նպատակահարմար», - փաստարկված է հայտարարությունում:

Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք ե’ւ դիտորդներին, ե’ւ հասարակությանը տեղյակ են պահելու, որ քաղաքապետարանի հայտարարությունը «օրինականության հետ որեւէ կապ չունի»:

«Քանի որ դիտորդները եւ հանրությունը կարող են եւ Հայաստանի օրենսդրությանը ծանոթ չլինել, մենք մեզնից կախված միջոցները կձեռնարկենք` հանրությանը եւ դիտորդներին իրազեկալու համար, որ տվյալ դեպքում տեղի է ունենում ապօրինություն», - ասաց Փաշինյանը: - «Հայաստանի օրենդրությամբ Երեւանի քաղաքապետը չունի երթերը կամ հանրահավաքները նպատակահարմար գտնելու կամ չգտնելու լիազորություն: Շատ հստակ է գրված, որ` եթե կա երթի կամ հանրահավաքի մասին իրազեկում, քաղաքապետը այդ իրազեկումը կա’մ պիտի ընդունի ի գիտություն, կա’մ պիտի արգելի»:

«Այս հայտարարության տակ ես, ճիշտն ասած, տեսնում եմ որոշակի միտում` որոշակի լարում առաջացնել ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ», - շարունակեց Փաշինյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբում կարծում են նաեւ, որ քաղաքապետարանի հայտարարությունը ուղղված է հենց իրենց դեմ, քանի որ նախկին նախագահը նշել է, որ իր քաղաքական պայքարում պատրաստվում է օգտվել օրինական բոլոր միջոցներից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG