Մատչելիության հղումներ

Հայաստանը` կրկին մասամբ ազատ երկրների շարքում


Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հերթական զեկույցում Հայաստանը արդեն 7-րդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքում: Նույն դասակարգմանն է արժանացել նաեւ Lեռնային Ղարաբաղը:

«Այս խմբում, որպես կանոն, ընդգրկվում են այն պետությունները, որտեղ քաղաքացիական ազատություններն ու մարդկանց քաղաքական իրավունքները լիովին չեն ապահովվում, տիրում է կոռուպցիոն մթնոլորտ, իրավական պետությանը բնորոշ ատրիբուտները թույլ են, ձեւական բազմակարծության ֆոնին գերիխշում է քաղաքական մեկ ուժ», - ասված է զեկույցում:

«2007 թվականին Հայաստանը որեւէ տպավորիչ փոփոխություն չի իրականացրել, մենք դեռեւս շարունակում ենք տեսնել մի շարք էական խնդիրներ ու մարտահրավերներ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հետ կապված, եւ կարծում ենք, որ 2008 թվականի փետրվարին նախատեսված նախագահական ընտրությունները լուրջ փորձություն են լինելու երկրի համար», - ասել է Freedom House-ի հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը: - «Մենք շարունակում ենք խիստ սահմանափակ առաջընթաց արձանագրել խոսքի ազատության եւ քաղաքականության մեջ` քաղաքացիական հասարակության էական մասնակցության առումով»:

Անցած տարի, խոսելով Հայաստանի քաղաքական դաշտին բնորոշ առանձնահատկություններից, Քրիս Ուոքերը առանձնացրել էր հատկապես օլիգարխների ակտիվացումը, ինչը, նրա բնորոշմամբ, «դրական քայլ» չէր:

«Այս առանձնահատկությունը դեռեւս շարունակում է բնորոշ մնալ Հայաստանի քաղաքական դաշտի համար, եւ, անշուշտ, մենք հույս ունենք, որ փետրվարին նախատեսված ընտրությունները կլինեն բաց, արդար եւ ազատ: Մենք ուշադրությամբ հետեւելու ենք այդ ընտրություններին, եւ դրանք առանցքային տեղ են գրավելու Հայաստանի վերաբերյալ հաջորդ տարվա զեկույցում», - ասաց Ուոքերը` հավելելով. - «Թեեւ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդները որոշ կարեւոր դրական քայլեր էին արձանագրել, այդուամենայնիվ, դեռեւս զգալի քայլեր ու բարեփոխումներ են պետք ընտրությունները իսկապես ազատ ու արդար անցկացնելու համար»:

Հարեւան պետություններից Թուրքիան եւ Վրաստանը եւս դասվել են մասամբ ազատ երկրների խմբում: Սակայն Վրաստանը, որը նախորդ տարի միջազգային կազմակերպության կողմից բնորոշվել էր որպես «ԱՊՀ-ի համեմատաբար լուսավոր կետերից մեկը», այս անգամ մեկ կետով նահանջել է` թե’ քաղաքական իրավունքների, թե’ քաղաքական ազատությունների ցուցանիշներով:

Ադրբեջանն արդեն 4-րդ տարին անընդմեջ գնահատվում է որպես ոչ ազատ երկիր, ընդ որում` նահանջի միտումով:

ԱՊՀ-ի պետություններից միայն Ուկրաինան է գնահատվել ազատ: Ուոքերի խոսքով` «նարնջագույն հեղափոխությունից» հետո այդ երկրում մի շարք ընտրություններ են անցկացվել, որոնք բոլորն էլ եղել են խաղաղ, մասնակիցները ընդունել են արդյունքները, ինչը շատ հազվագյուտ երեւույթ է ԱՊՀ-ի տարածքում, որտեղ ընտրություններն ու ընտրական գործընթացները ավելի հաճախ կառավարվելու ու մանիպուլյացիաների ենթարկվելու միտում ունեն»:

Ընդհանուր առմամբ, ըստ Freedom House-ի, աշխարհում ազատ է 90 երկիր, 60-ը մասամբ ազատ են, 43-ը` անազատ:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG