Մատչելիության հղումներ

Տնտեսական ազատությունների ցուցանիշով Հայաստանը 28-րդ տեղում է


Այսօր «Հերիթեյջ Ֆաունդեյշըն»-ը եւ «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ»-ը հրապարակել են տնտեսական ազատությունների 2008 թվականի զեկույցը: 162 երկրների շարքում Հայաստանը գրավում է 28-րդ տեղը:

Անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանը 4 կետով բարելավել է տնտեսական ազատությունների ցուցանիշը: 2007 թվականին Հայաստանը 32-րդն էր, իսկ 2006 թվականին ավելի բարձր դիրք էր զբաղեցում` 26-րդ տեղը:

«Հերիթեյջ Ֆաունդեյշըն»-ը արդեն 14-րդ անգամ է նման ուսումնասիրություն անցկացնում եւ աղյուսակ հրապարակում:

Ուսումնասիրությունը հաշվի է առնում 10 գործոններ, այդ թվում` ազատ առեւտուր, գործարար միջավայրի, ներդրումների ազատություններ, սեփականության իրավունքի պաշտպանություն:

Հրապարակված ցանկում ԱՊՀ-ի երկրներից Հայաստանը ամենաազատ տնտեսությունն ունի. Հայաստանի ցուցանիշներին մոտ է Վրաստանը, որը 32-րդն է:

Տնտեսական ազատությունների առումով Հայաստանը ավելի առաջատար ցուցանիշներ ունի, քան, օրինակ, Ավստրիան, Իսպանիան, Նորվեգիան, Քուվեյթը, Չեխիան, Թուրքիան, Ֆրանսիան:

Առաջին տեղում Հոնկոնգն է, որին հաջորդում են Սինգապուրը, Իռլանդիան, Ավստրալիան, Միացյալ Նահանգները:

Տնտեսական ազատությունների ամենացածր ցուցանիշներով աղյուսակը եզրափակում են Իրանը, Թուրքմենստանը, Բիրման, Lիբիան, Զիմբաբվեն, Կուբան, Հյուսիսային Կորեան:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG