Մատչելիության հղումներ

Հրապարակվել է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը


Հայաստանի վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը տեղադրվել է նրա նախընտրական կայքէջում:

ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ծրագիրը «բխում է Հայաստանի կառավարության 5-ամյա ծրագրից»:

Հարցին, թե արդյո՞ք ծրագիրը հաշվի է առել նաեւ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտեցումները, Շարմազանովը արձագանքեց, թե ծրագրում ընդգրկվել են «բոլոր այն քաղաքական ուժերի մոտեցումները, որոնք սատարում են Սերժ Սարգսյանին»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ծրագրին, ապա հենց առաջին էջում, դիմելով ընտրողներին, Սերժ Սարգսյանը նշում է. - «2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլեւս ավանդույթ է»:

Մեկնաբանելով սա` Շարմազանովը ասաց. - «Մենք անելու ենք ամեն ինչ օրենքի սահմաններում, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ եւ արդար: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը դատապարտելու է եւ դատապարտում է ցանկացած ոտնձգություն օրենքի տառի դեմ, ցանկացած խախտում»:

Արցախյան խնդիրը, ըստ հրապարակված ծրագրի, պետք է լինի «Հայաստանի նախագահի գործողությունների կիզակետում»: Իսկ հիմնախնդրի կարգավորումը պետք է «խարսխված լինի» հետեւյալ սկզբունքների վրա. միջազգայնորեն ճանաչվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ սահմանների անվտանգությունը եւ, վերջապես, Հայաստանն ու Ղարաբաղը պետք է ունենան ընդհանուր սահման:

«Յուրաքանչյուր ողջամիտ մարդու համար ակնհայտ է, որ ամեն մի քիչ թե շատ բարդ գործընթաց, առավել եւս` հակամարտության կարգավորում, հնարավոր չէ իրականացնել մեկ օրում. այն մի քանի քայլով իրականացվող գործողությունների ամբողջություն է», - ասված է ծրագրում: - «Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջեւ համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը»:

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին ծրագրում նշված է. - «Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում` համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո’չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո’չ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված եւ ո’չ էլ այլ նախապայմաններ»:

«Մենք գիտենք բոլոր այն խնդիրները, որ հուզում են Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն, գիտենք նաեւ, թե ինչպես է պետք է լուծել դրանք», - ասված է Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG