Մատչելիության հղումներ

Համանախագահները Քոչարյանի եւ Ալիեւ միջեւ բանավոր համաձայնություն են ակնկալում


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ բանավոր համաձայնություն են ակնկալում մինչեւ փետրվարին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները: Այդ մասին միջնորդները հայտարարել են` երեկ ժամանելով Բաքու:

«Մենք բանավոր համաձայնություն ենք ակնկալում պետությունների ղեկավարների միջեւ», - ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Միաժամանակ, նա բացառել է զուգահեռները Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի հիմնախնդիրների միջեւ` ասելով, թե «դրանք տարբեր հակամարտություններ են»:

«Նովոստի - Ազերբայջան»-ի փոխանցմամբ` ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, իր հերթին, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերին Մադրիդում իրենց ներկայացրած առաջարկները «դրական են երկու կողմի համար էլ»: Ընդ որում, նա շեշտել է, թե «հակամարտության կողմերից ոչ մեկը չի կարող ամբողջությամբ ստանալ այն, ինչ ուզում է»:

Ֆասիեն վստահեցրել է, որ կողմերը հնարավորություն ունեն խորապես գնահատել հակամարտության կարգավորման ուղղությամբ համանախագահների առաջարկները:

Համանախագահները այսօր ժամանելու են Երեւան, որտեղ երեկոյան նախատեսված է նրանց ասուլիսը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից Day.az ինտերնետային պարբերականին հայտնել են, որ հունվարի 16-ին Մինսկի խմբի համանախագահները մասնակցելու են ԵԱՀԿ-ի կողմից հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հերթական դիտարկմանը, որն անցկացվելու է Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում:

Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում նախատեսված են նաեւ համանախագահների այցերը Ստեփանակերտ եւ Թբիլիսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG