Մատչելիության հղումներ

«Հայկական երկաթուղիներ»-ի կառավարման հարցը կվճռվի հաջորդ շաբաթ


«Հայկական երկաթուղիներ» ընկերությունը հավատարմագրային կառավարման հանձնելու համար հայտարարված մրցույթի արդյունքները, ինչպես այսօր հայտարարեց Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, կհրապարակվեն հունվարի 16-ին:

Երկու օր առաջ բացվել են հայտարարված մրցույթի ֆինանսական առաջարկների ծրարները. «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը առաջարկել է 1 միլիարդ 700 միլիոն դրամ (շուրջ 5,5 մլն դոլար) միանվագ մուտքի վճար: Դեռեւս դեկտեմբերին բացված ներդրումային ծրագրերի փաթեթով ռուսաստանյան ընկերությունն առաջարկել է 570 միլիոն դոլարի ներդրում, որից 230 միլիոնը` առաջին 5 տարում:

Խոսքը, ինչպես ասաց նախարարը, այն դեպքի մասին է, եթե ճանապարհները շարունակեն փակ մնալ: Տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության լիովին բաց պայմաններում ռուսաստանյան ընկերությունը առաջարկում է 2 միլիարդ 130 միլիոն դոլարի ներդրում:

«Ինձ թվում է, որ նրանք շատ լավ առաջարկ են արել, եւ ես համոզված եմ, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը կվերականգնի մեր ե’ւ ենթակառուցվածքները, ե’ւ նոր շարժակազմ կտրամադրի, ե’ւ դեպոներն ու մեր կայարանները կվերանորոգի», - լրագրողների ասաց Անդրանիկ Մանուկյանը` շարունակելով. - «Դիլիջան - Իջեւան հատածում կառուցելու են նոր գիծ, որովհետեւ նրանք նախատեսում են, որ 2010 թվականին բացելու են նաեւ ադրբեջանական երկաթուղու հետ հաղորդակցությունը: 2009 թվականին նրանք նախատեսում են Թուրքիայի հետ հաղորդակցությունը բացել»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG