Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժառանգություն» խմբակցության անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը «Առավոտ»-ի հետ հարցազրույցում որպես խախտում է որակել ՄԻԱԿ-ի կողմից սկսված քարոզարշավը Սերժ Սարգսյանի օգտին: «Սա, իհարկե, խախտում է, քանի որ թեկնածուների եւ նրանց համախոհների կողմից քարոզչությունը պետք է ընթանա նախընտրական քարոզարշավի համար նախատեսված ժամկետում: Իսկ ՄԻԱԿ-ն արդեն տարածում է քարոզչական նյութեր, որոնց վրա ծախսված գումարը պիտի տրամադրվեր թեկնածուի նախընտրական հիմնադրամից, որը պետք է ձեւավորվի թեկնածուի գրանցման հաջորդ օրվանից», - հայտարարել է Փոստանջյանը, ով մասնագիտությամբ իրավաբան է: Ընդգծելով, որ օրենսգրքի այդ դրույթները հստակ սահմանված են, պատգամավորը համոզմունք է հայտնել, որ ԿԸՀ-ն անպայման պետք է արձագանքի այդ օրինախախտմանը: «Հրապարակումները կարող են հանդիսանալ իբրեւ հաղորդում ԿԸՀ-ի համար, որ արձագանքի այս փաստին: Թեկնածուներն էլ կարող են այս կապակցությամբ բողոք ներկայացնել ԿԸՀ-ին», - ասել է Զարուհի Փոստանջյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցին ի պատասխան հերքել է տեղեկությունները, թե «Բարգավաճ»-ի շարքերը միակարծիք չեն եւ տեղ-տեղ ընդվզում են Սերժ Սարգսյանին սատարելու որոշման դեմ: «Տվյալ լուրը կամ լուրերը հերթական անհեթեթության հերթական սերիայից են: «Բարգավաճ Հայաստան»-ում որեւէ տարակարծություն չկա` եւ չի կարող լինել Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում եւ «Բարգավաճ Հայաստան»-ի բոլոր կառույցները իրենցից կախված ամեն ինչ անելու են փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանի հաղթանակն ապահովելու համար», - հայտարարել է Զոհրաբյանը:

«Ժամանակ-Երեւան» թերթի վերլուծաբանը, պատասխանելով հարցին, թե «ինչու երբեւէ իրեն երկրորդի դերում չտեսնող Քոչարյանն այդքան հեշտությամբ եւ առանց մեկ կաթիլ իսկ արյուն հեղելու համաձայնեց ստանձնել Հայաստանի վարչապետի պաշտոնը», փաստարկել է. - «Այդպես չվարվելու պատճառներից մեկը եւ հավանաբար գլխավորն այն է, որ այդ ճանապարհից խուսափեց ինքը Վլադիմիր Պուտինը, որը եւս փորձում է համաշխարհային հանրությանը համոզել, որ նախանձախնդիր է Ռուսաստանի ժողովրդավարացմամբ»։ Ռոբերտ Քոչարյանի կատարած քայլի երկրորդ պատճառը, ըստ վերլուծաբանի, «Սերժ Սարգսյանի առջեւ նրա պարտավորությունն է»։ «Երրորդ պատճառն այն է, որ Քոչարյանը ուզում է, որ գոնե հիմա միջազգային հանրությունն իրեն ընկալի որպես օրինապահ առաջնորդ», - ենթադրել է վերլուծաբանն ու հավելել չորրորդ պատճառը. - «Քոչարյանը չի բացառում, որ ինչ-որ պահի կարող է նոր հեղաշրջում իրականացնել «Բարգավաճ Հայաստան»-ի եւ ՀՅԴ-ի աջակցությամբ եւ Սերժ Սարգսյանին տապալելուց հետո կարող է կրկին հավակնել նախագահի պաշտոնին, եւ այդ ժամանակ նրան օդի պես անհրաժեշտ կլինի միջազգային հանրության աջակցությունը»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը, հակադարձելով որոշ տպագիր մամուլի միջոցների պնդումներին, թե ընդդիմության միասնական թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է, գնահատել է. - «Իհարկե, նման մարտավարությունն արդարացված է այնքանով, որ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձ է արվում օգտվել ամեն տեսակի քարոզչանյութից, ինչը նաեւ վկայում է թաքնված խուճապի միասին։ Ավելին, նախկին նախագահի թիմակիցների՝ «ընդդիմության միասնական թեկնածուի» տեսլականն իրենց առաջնորդին վերագրելը ոչ թե քաղաքական պոպուլիզմ է, այլ քաղաքական մտակաղապար, որը քաղաքականության օբյեկտների եւ իրադարձությունների մասին պարզունակ, խեղաթյուրված, արժեքային կողմնորոշում ունեցող պատկերացում է»։

«Հայկական ժամանակ»-ը «Ի հեճուկս օրենքի» վերնագրված խմբագրականում տեղեկացրել է. - «Նոր տարուց անմիջապես առաջ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եղել է Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում հավաքել է իշխանական ակտիվին եւ նրանց նախագահական առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակի հույսեր տվել»: «Եվ գիտե՞ք, ոնց է հիմնավորել Աղվան Հովսեփյանը Սարգսյանի հաղթելու հեռանկարը. նա ասել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրարշավի կեսից դուրս է գալու պայքարից։ Թե պայքարից ետ կանգնող կա, դրանց Հովսեփյանը իր շրջապատում պետք է փնտրի, իսկ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնալու է մինչեւ վերջ, իսկ անհրաժեշտության դեպքում մի բան էլ ավելի, Հովսեփյանն ինքն էլ գիտի», - հավելել է թերթը։

«Հայք»-ը տեղեկացրել է, թե միջազգային շուկայում տեղի է ունենում դոլարի փոխարժեքի արժեվորում. - «Երեկ եւ մյուս օրը դոլարն արժեվորվել է իր բոլոր հիմնական մրցակիցների՝ եվրոյի, ճապոնական իենի, բրիտանական ֆունտ ստեռլինգի նկատմամբ»։ Թերթը փոխանցել է փորձագետների կարծիքը, թե «այս շաբաթ դոլարի աճը շարունակական բնույթ կկրի»։ «Հայաստանի արժութային շուկան որեւէ կերպ այս միտումներին չի արձագանքում։ Դոլարը երեկ, ինչպես եւ նախօրդ օրը, արժեր մոտ 305 դրամ», - հավելել է թերթը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG