Մատչելիության հղումներ

152 մետր բարձրությունից ընկած մարդը ապաքինվում է


Մեկ ամիս առաջ Նյու 3որքի երկնաքերի 47-րդ հարկից վայր ընկած պատուհան լվացող Ալսիդես Մորենոն աստիճանաբար ապաքինվում է եւ անցած շաբաթվա ընթացքում սկսել է խոսել:

Ծագումով էկվադորցի 37-ամյա Ալսիդեսը եւ նրա եղբայրը՝ Էդգարը դեկտեմբերի 7-ին հենահարթակի վրա կանգնած լվանում էին Մանհեթենի մի բարձրահարկի պատուհանները, երբ ճոպանները պոկվել են հարթակից, եւ եղբայրները 152 մետր բարձրությունից վայր են ընկել: 30-ամյա Էդգարը տեղում մահացել է, իսկ Ալսիդեսը ողջ է մնացել. նրան գանգի, ողնաշարի, վերջույթների եւ կողոսկրերի բազմաթիվ կոտրվածքներով եւ ներքին օրգանների վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է տասը վիրահատությունների:

«Եթե դուք հավատում եք հրաշքներին, ապա սա այդպիսի մի դեպք է», - ասել է Նյու 3որքի Վեյլ Քորնուելի հիվանդանոցի վերակենդանացման բաժնի ղեկավար Ֆիլիպ Բարին:

DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ալսիդես Մորենոն անցած շաբաթվա ընթացքում առաջին անգամ բացել է աչքերը եւ անգլերեն հարցրել. - «Ես ի՞նչ եմ արել»:

Անցած ուրբաթ օրը տեղի ունեցած տասներորդ վիրահատության ընթացքում բժիշկներն ամրացրել են Ալսիդեսի ողնաշարը: Առաջիկայում նշանակված են եւս մի շարք վիրահատություններ եւ ֆիզիոթերապեւտիկ բուժում: Բժիշկները հույս են հայտնել, որ Մորենոն մեկ տարվա ընթացքում լիովին կապաքինվի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG