Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հակադարձում է Լեւոն Տեր-Պետրոսյանին


Հայաստանի վարչապետ, 2008-ի ընտրություններում առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը արձագանքեց նախագահի առաջադրված մեկ այլ թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` շաբաթ օրը հնչեցրածին, թե իշխանությունը պահելու համար «վարչախումբը պատրաստ է օգտվել նաեւ պետբյուջեից ու Կենտրոնական բանկի պահուստներից»:

«Վստահ եմ, որ այս ժամանակաընթացքում` մինչեւ փետրվարի 18-19-ը, այնպիսի բաներ ենք լսելու, որ մղձավանջային երազներում էլ չենք կարող հանդիպել», - պատասխանելով լրագրողի հարցին` ասաց Սերժ Սարգսյանը: - «Բոլոր նրանք, ովքեր շատ թե քիչ ծանոթ են, գիտեն, թե ինչ է նշանակում Կենտրոնական բանկի պահուստ, կվկայեն, որ այդ բաները իրականությանը չեն համապատասխանում, եւ ուղղակի դա անհնար է անել: Բայց ինչ կարող ես անել... Պետության մասին ՀՀՇ-ի կարծիքը երեւի դա է: Իրենք լինեին, միգուցե փորձեին անել»:

Մեկ այլ լրագրողի դիտարկմանը, թե ՀՅԴ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու, Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը վստահություն չի ընծայում սոցիոլոգիական հարցումներին (դրանց արդյունքները, ըստ Հովհաննիսյանի, հիմնականում լինում են պատվիրատուի օգտին), վարչապետը արձագանքեց. - «Որեւէ հիմք չունեմ կասկածելու Վահան Հովհաննիսյանի ասածներին: Համոզված եմ, որ իրոք ինքը չի հավատում այդ հարցումների արդյունքներին: Հակառակ պարագայում, ինքը արդեն չէր շարունակի պայքարը, կամ գոնե մի քիչ կմեղմացներ իր կոշտ դիրքորոշումը: Մենք կարող ենք չհավատալ սոցիոլոգիական հարցումներին: Մենք կարող ենք հեքիաթներ պատմել աշխարհահռչակ ընկերություններին Սերժ Սարգսյանի կողմից կաշառքներ տալուն եւ գնելուն, բայց դրանից ո’չ սոցիոլոգիան կդադարի գիտություն լինելուց, ո’չ էլ այդ ընկերության ներկայացուցիչները կդադարեն հումորով վերաբերվելուց այդ հեքիաթներին»:

«Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ այդ մարդիկ մեր երկրի մասին կարծիք են կազմում նաեւ քաղաքական գործիչների հայտարարություններով», - հավելեց նա` շարունակելով. - «Ինչ վերաբերում է «Գելափ»-ին, ապա բոլորիս հայտնի է, որ հարցումները «Գելափ»-ին պատվիրում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային հանրապետական ինստիտուտը, իսկ վճարում է Ամերիկայի Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունը: Հետեւությունները թողնում եմ ձեզ»:

«Գելափ»-ի` ամենավերջին հարցումներով, Սերժ Սարգսյանի վարկանիշը 35 տոկոս է, ինչը հաջորդող թեկնածուի վարկանիշը գերազանցում է գրեթե երեք անգամ:

«Բայց այդ ուսումնասիրություններում ինձ համար ամենից կարեւոր հանգամանքը այն է, որ մեզ հնարավորություն է տալիս իմանալու մեր հասարակության տրամադրությունները, ճշտելու մեր աշխատանքի ուղղությունները, ավելի ուշադիր լինել այն հարցերի նկատմամբ, որոնք մեր հասարակության եւ մեր ժողովրդի հետաքրքրության կենտրոնում են», - ասաց Սերժ Սարգսյանը:

Վարչապետը լրագրողների հարցերին պատասխանեց Երեւանի պետական համալսարանում Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական եւ հետազոտական կենտրոնի բացման արարողությունից հետո:


Ռուզան Խաչատրյան եւ Նարինե Ղալեչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG