Մատչելիության հղումներ

«Աղբը տնից չհանելուց» խուսափելու լավագույն միջոցը այդ տունը մաքուր պահելն է»


Երեւանի մամուլի ակումբը եւ «ԹԻՄ» կազմակերպությունը, որոնք վերջերս հայաստանյան մի շարք հեռուստակայանների դիտարկում են անցկացրել` եզրակացնելով, որ դրանք նախընտրական շրջանում անաչառ չեն, այլ շատ ավելի դրական են լուսաբանում իշխանության թեկնածուին, այսօր իրենց խիստ անհամաձայնությունն են հայտնել այդ դիտարկմանը վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից տրված գնահատականի հետ:

«Մենք ողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ մեզ «ոչ օբյեկտիվության» մեջ մեղադրելը որեւէ հիմնավորում չունի: «ԹԻՄ»-ը լրատվամիջոցների հետազոտություններով զբաղվում է 1996 թվականից, իսկ Երեւանի մամուլի ակումբն այդ նույն ժամանակից իրականացրել է բոլոր համապետական ընտրությունների լուսաբանման դիտարկումներ կամ իբրեւ գործընկեր մասնակցել է այլ տեղական ու միջազգային կազմակերպությունների նման հետազոտություններին: Մոնիտորինգի տեխնոլոգիան անընդհատ ճշգրտվել է եւ ներկայումս առավելագույնս կատարելագործված է: Այն հիմնված է ինչպես առաջատար միջազգային կազմակերպությունների մշակած մեթոդների, սեփական բազմամյա փորձի վրա, այնպես էլ` առարկայի խորը իմացության, որն իր հերթին արդյունք է մեր կողմից հայկական ԶԼՄ-ների մշտական ուսումնասիրությունների»,֊ - փաստել են այսօր տարածված հայտարարության հեղինակները:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` միջազգային կազմակերպությունների կողմից քննադատության պատճառը չփնտրել մեր իրականացրած մոնիտորինգում, որն ընդամենը ԶԼՄ-ների չափազանց անբարենպաստ իրավիճակն արտացոլող հայելի է, այլ այն ուղղելու քայլեր ձեռնարկել: Մեզ էլ, իշխանություններից ոչ պակաս, մտահոգում են երկրի միջազգային վարկի վրա բացասաբար անդրադարձող հայտարարությունները: Սակայն մենք համոզված ենք. «աղբը տնից չհանելուց» խուսափելու լավագույն միջոցը այդ տունը մաքուր պահելն է»,֊ - ասված է Երեւանի մամուլի ակումբի եւ «ԹԻՄ» կազմակերպության հայտարարության մեջ:

«Ցանկացած այդ տիպի ուսումնասիրություն ընդամենը ընթացող գործընթացների հայելին է: Եվ եթե մենք չենք ուզում հայելու մեջ տեսնել լուրջ թերություններ, ուրեմն պետք է այնպես անենք, որ ե'ւ լրատվամիջոցների աշխատանքը, ե'ւ բոլոր այն ինստիտուտները, որոնք կապված են ընտրությունների անցկացման հետ, համապատասխանեն ժամանակակից միջազգային չափանիշներին»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG